Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձեւաչափով: Նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են նաեւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը եւ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Հարգելի նախագահ,
Պետությունների հարգելի ղեկավարներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,
Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որին կցանկանայի նաեւ ջերմորեն ողջունել Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաեւին:
Սա Բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին նիստն է, որի կապակցությամբ կցանկանայի իմ ելույթը սկսել ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստեղծված ֆորսմաժորային պայմաններում Մինսկի նախագահությունը՝ անդամ երկրների աջակցությամբ եւ Հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքով, արդյունավետ եւ օգտակար էր:
Համավարակն ու մարտահրավերները, որոնց բախվել ենք այս տարի, նշանակալից հարցեր են առաջացրել: Դրանով հանդերձ՝ դա չի հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը: Հակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, նրանք ընդգծեցին արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորման կառուցումն ավարտելու գործընթացներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժը, Միության, որի նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա մերձեցման եւ դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար:
Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարեւորությունը, որը մենք ստացանք եւ շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ համավարակի տարածմանը հակազդելու եւ այս տարի մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում անգնահատելի օգնության համար:
Այսօրվա մարտահրավերները հաղթահարելու քայլերի համատեքստում հնարավոր չէ շրջանցել այն փաստը, որ աշխարհագրական հեռավորությունը եւ Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ եւ տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար: Բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների անարգել կապերը Միության մնացած երկրների հետ մեզ համար ունեն հիմնարար նշանակություն: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, եւ, հետեւաբար, ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր արդիական նշանակություն ունի:
Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում կցանկանայի նշել նաեւ «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը: Այս համատեքստում անառարկելի է մեր երկրների արտաքին տնտեսական կապերը պահպանելու համար միջոցառումների կիրառման կարեւորությունը ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների եւ նրանց միավորումների հետ:
Հարգելի գործընկերներ,
Այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ Կուբայի Հանրապետությանը եւ Ուզբեկստանի Հանրապետությանը պաշտոնապես կշնորհվի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ: Այս կապակցությամբ ես կցանկանայի ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրոմոնի Միրզիյոեւին եւ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին: Մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ու համագործակցության պատրաստակամությունը:
Հուսով ենք, որ դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացման մեջ առաջիկայում կարտացոլվի փոխադարձ առեւտրի եւ տնտեսական համագործակցության աճի մեջ: Սա նաեւ կնպաստի մեր երկրների ներդրումային գրավչության բարձրացմանը:
Կարծում ենք, որ ԵԱՏՄ արտաքին փոխգործակցությունը պետք է աճ ապահովի նոր փոխշահավետ նախագծերի շնորհիվ, որոնք ընդլայնում են այս կամ այն երկրի հետ հետագա համագործակցությունը: Մենք այս տեսանկյունից ենք դիտարկում նաեւ Իրանի հետ 2018 թվականին ստորագրված միջանկյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին առաջարկվող որոշումը:
Հայաստանը մտադիր է հետեւողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում եւ նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021 թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» եւ «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարեւոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը եւ վերջնական համաձայնեցումը: Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան ավարտին հասցնել մեր ինտեգրացիոն միավորման համար այս չափազանց կարեւոր գործընթացը:
Մենք հավատարիմ ենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշմանը: Մասնավորապես, համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձեւավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի եւ անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կցանկանայի շեշտել երկրորդ փուլի կարեւորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձեւավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական եւ իրավական հիմքերի ստեղծումը: Այս կապակցությամբ մենք եւս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարեւոր հանգրվան կդառնա Միության գործունեության եւ ինտեգրացիոն տարածքի զարգացման համար:
Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է զարգացող եւ նվազ զարգացած երկրներից ապրանքներին եւ ծառայություններին սակագնային արտոնություններ տրամադրելու հարցը: Կարծում ենք, որ խնդրի մշակման վերաբերյալ միջկառավարական խորհրդի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը համապատասխանեցնել ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին։ Սա նաեւ կհանի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով եւ ԵԱՏՄ դատարանի կողմից հարցը ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Նիստի հարգելի մասնակիցներ,
Հաշվի առնելով այն փաստը, որ 2021 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը փոխանցվում է Ղազախստանի Հանրապետությանը, ելույթիս վերջում ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ղազախ ընկերներին եւ հաստատել Հայաստանի Հանրապետության՝ նախագահող կողմի եւ անդամ երկրների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը` ի շահ Միության հետագա զարգացման։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրման խորացմանն ու զարգացմանը վերաբերող ավելի քան երկու տասնյակ հարցեր: Դրանց շրջանակում որոշում է կայացվել Ուզբեկստանին եւ Կուբային շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ:
Անդրադարձ է կատարվել եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորումների եւ այլ ոլորտներին վերաբերող թեմաների: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են նաեւ նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:





























