Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդի Գուերան պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այս մասին հայտնում է Venezolana de Television պետական հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշել է, որ Գուերան երկրում առաջիններից մեկն է պատվաստվել:

«Ուզում եմ աշխարհին ասել, որ Վենեսուելան հավատում է Ռուսաստանին, նրա բժշկությանն ու գիտությանը»,- ասել է նա:

Նա նաեւ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վենեսուելային օգնելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից գրանցվել է ավելի քան 71 միլիոն դեպք, ավելի քան 49,5 միլիոն մարդ ապաքինվել է, իսկ ավելի քան 1,5 միլիոն մարդ՝ մահացել:

ՌԴ-ն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղը մշակվել է Գամալեյի անվան ինստիտուտի կողմից` Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը ստացել է «ԷպիՎակԿորոնա» անվանումը: Այն մշակել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնում: