Իշխանությունների հայտարարած համաներումը մարդասիրական ակտ չի կարելի համարել, այլ պարզապես ընդդիմության եւ միջազգային կառույցների ճնշման ներքո ձեռնարկված քայլ։ Հունիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, համաներմամբ ազատ արձակվելիք մոտ 900 բանտակյալները որեւէ լուրջ հարց չեն լուծի, քանի որ այսպես թե այնպես, հանրապետության ՔԿՀ-ները շարունակում են գերծանրաբեռնված մնալ։ «Ներկայումս մենք ավելի քան 4 հազար ազատազրկվածներ ունենք, մինչդեռ նրանց թիվը չպետք է անցներ 2 հազարից»,- նկատեց իրավապաշտպանը։

Անդրադառնալով անազատության մեջ մնացած քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանանի եւ Մուրադ Բոջոլյանի թեմային՝ Հարությունյանը նկատեց, որ իշխանությունները քինախնդիր են հատկապես Հացպանյանի հարցում։ «Սարգիս Հացպանյանը պետք է ավելի վաղ ազատված լիներ, քանի որ նրա վրա տարածվում էին եւ այս եւ 2009-ին հայտարարված համաներումները։ Մինչդեռ իշխանությունները նրա նկատմամբ անհատական եւ կամայական վերաբերմունք են ցուցաբերում»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ Հացպանյանի հանդեպ կիրառվող վրեժխնդրությունը դուրս է ամեն տրամաբանությունից։

Նշենք, որ քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին ազատ արձակելուց հետո Սարգիս Հացպանանին եւ Մուրադ Բոջոլյանին իշխանությունները շարունակում են անազատության մեջ պահել։