Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը հրաժարական չի տա, քանի որ իրեն է ժողովուրդն իշխանություն տվել, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանիպուլյացիա է համարում։
«Դրա մեջ մանիպուլյացիա կա՝ իշխանությունը ինձ են տվել, չեն տվել Շողիկին։ Բայց իշխանությունը չեն տվել ինձ, տվել են պառլամենտին, պառլամենտը ոնց կա, նույն կերպ մնում է։ Պետք է ժողովուրդն իմանա՝ դա ինստիտուցիոնալ մանիպուլյացիա է, որովհետեւ իշխանությունը չեն տվել անձի, այլ պառլամենտի»,- այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ վստահության մթնոլորտը հասարակության շրջանում բացակայում է իշխանությունների հանդեպ եւ առանց Փաշինյանի հեռանալու այն չի վերականգնվելու։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ երբ ապատեղեկատվություն է տարածվում, հանրության շրջանում վստահություն վայելող ինստիտուտները պետք է արագ արձագանքեն, որպեսզի մարդկանց շրջանում խուճապ չառաջանա, ինչը կատարվեց վերջին օրերին Սյունիքը հանձնելու շուրջ խոսակցությունների ֆոնին։
«Միասկանակ տեղեկատվական կենտրոնը դելեգիտիմիզացված խողովակ է։ Լուծումներից մեկն այն է, որ այն ինստիտուտները, որոնք հանրային որոշակի վստահություն ունեն, այս ինստիտուտները դեր ստանձնեն եւ խոսեն այդ մասին։ Օրինակ՝ որոշ նախարարներ, որոնց ոլորտի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում, կարող են հայտարարությամբ հանդես գալ, ասուլիս անել։ Եթե խոսք է գնում, որ Սյունիքը հանձնում են, եթե Սուրեն Պապիկյանը ասուլիս աներ, ասեր՝ հերհյուրանք է, կարո՞ղ էր դա հանրային տրամադրությունների, պանիկայի վրա ազդեցություն ունենալ։ Լռությունը վակում է առաջացնում»,- նշեց նա։
Անդրադառնալով երկու օր առաջ կառավարության շենքի եւ կառավարական առանձնատներ մոտ ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակումներին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչով է դա պայմանավորված եղել։
«Եթե ավելացվում է, նշանակում է՝ պետական օբյեկտների կողմից որոշակի ինֆորմացիաներ են լինում, ուժերը ավելացվում են։ Մի օր կա՝ գալիս ենք, պահակախմբի մարդիկ ինքնաձիգով են, մի օր՝ չէ։ Որ օրը, որ ուժեղացված է, ասում են՝ ունենք ուժեղացված ծառայություն։ Կարող է՝ լինի օպերատիվ տեղեկատվություն, որ էդ օրը բան է լինելու»,- ասաց նա։





























