Օրերս Ադրբեջանի Հանրապետություն այցելած Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ միասին մասնակցեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անցկացրած զորահանդեսին, որին տոնվում էր Բաքվի վերջին ռազմական հաղթանակները Երեւանի նկատմամբ եւ դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղի տարածքի «դեօկուպացիան» ադրբեջանական բանակի կողմից, գրում է Farda-ն:

Ինչպես հայտնել էր թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ալիեւը, ով առաջինը ելույթ ունեցավ արարողությանը, հայտարարեց, որ «պատերազմի առաջին իսկ օրերից, նույնիսկ` ժամերից», ինքն «աջակցություն» էր զգում Թուրքիայի կողմից: Այնուհետեւ Ադրբեջանի ղեկավարն ավելի հեռու գնաց եւ ավելի ամպագոռգոռ հայտարարություն արեց այն մասին, թե ինչպես են երկու երկրները` Ադրբեջանը եւ Թուրքիան, ցուցադրել իրենց «անսասան» ռազմական դաշինքն ամբողջ աշխարհին:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունների տոնայնությունն այնպիսին էր, կարծես նա ուզում էր շնորհակալություն հայտնել «դաշնակից» Անկարային ոչ միայն բարոյական աջակցության եւ ռազմական գործողություններին մասնակցած մի քանի միավոր ռազմական տեխնիկայի համար, այլ` ինչ-որ ավելիի համար: Ադրբեջանի նախագահի մի շարք արտահայտություններ եւ էպիտետներ իսկապես չափազանց վերամբարձ էին թվում: Այդպես, նա շռայլորեն Հայաստանին ուղղված մեղադրանքներ էր հնչեցնում, որը «ոտնահարել» է ադրբեջանական ժողովրդի օրինական իրավունքը գրավյալ տարածքների նկատմամբ ռազմական հանցագործություններում, փառաբանում էր ադրբեջանցի զինվորականներին, ովքեր վերադարձրել են «երկրի ինքնիշխանությունը» ժամանակավորապես գրավված հողերի նկատմամբ եւ ծնկի եմ բերել հայկական զինված ուժերը:

Ադրբեջանի նախագահից հետո ելույթ ունեցավ նրա թուրք գործընկերը, ով նույնպես չէր խնայում բոլոր տեսակի ամպագոռգոռ բառերն ու արտահայտությունները` ոչ մի կերպ չզիջելով «ընդունող կողմին»: Նա խոսում էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին, որոնք վերագնահատման կարիք ունեն, քանի որ արեւմտյան իմպերիալիստների խաբեությամբ եւ սադրանքներով ոչնչի հնարավոր չէ հասնել: Ապա Թուրքիայի նախագահը, այնպես, ինչպես Ալիեւը, խոսեց «պատերազմի վարման կանոնների կոպիտ խախտումների մասին» (բնականաբար` հայ զինվորականների կողմից) եւ կրկին` ռազմական հանցագործությունների եւ գրավյալ տարածքներում մարդկային արժանապատվության «կոպիտ ոտնահարման» փաստերի մասին:

Թվում է, թե, խոսելով մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարման մասին, Էրդողանը հավատում է, որ նույնը չի լինի, երբ «դեօկուպացված հողերում» լինեն ադրբեջանցի զինվորականները եւ նրանց հետ միասին` նաեւ թուրք ռազմական մասնագետները: Բայց երբ Էրդողանը խոսում էր «արեւմտյան իմպերիալիստների» սադրանքների մասին, Թուրքիայի ղեկավարն ակնհայտորեն խորամանկում էր: Այս խոսքերում նա ակնհայտորեն ակնարկում էր արեւմուտքի աջակցությանը Հայաստանին: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմական հաղթանակների հաջողության գրավականը վերջին ռազմական գործողություններում ՆԱՏՕ-ի նորագույն ռազմական տեխնիկայի օգտագործումն էր, մինչդեռ հակառակորդն իր տրամադրության տակ միայն խորհրդային արտադրության հնացած մոդելներ ուներ: Այս իրավիճակում առնվազն տարօրինակ է «արեւմտյան սադրանքների» մասին հայտարարություններ լսելը մի պետության ղեկավարի կողմից, ով ավելի քան կես դար ՆԱՏՕ-ի անդամ է եղել եւ, ավելին, օգտագործում է Դաշինքի աջակցությունն իր համար շեհական իրավիճակներում:

«Ադրբեջանի տարածքի` օկուպացիայից ազատումը բնավ պայքարի ավարտը չէ, որն Ադրբեջանն անշուշտ կշարունակի շատ ոլորտներում ... Եվ եթե հայ ժողովուրդը ճիշտ դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցածից, ապա Ղարաբաղի համար անկասկած բոլորովին նոր կյանքի փուլ կսկսվի»,- Թուրքիայի առաջնորդին մեջբերում է «Անադոլու»-ն:

«Շնորհավորանքներով» դիմելով օկուպացված տարածքները ազատագրած ադրբեջանցի զինվորներին` Էրդողանը, ոչ ավել, ոչ պակաս, համեմատեց նրանց «ժողովրդական էպոսի» հերոսների հետ: Նա ասաց, որ ամբողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանական բանակի 22-օրյա հերոսական պայքարին տարածաշրջանում, որտեղ 30 տարի շարունակ միայն ավերածություններ են եղել եւ որտեղ բառացիորեն «քարը քարի վրա չի մնացել»: Ընդ որում, ինչպես հայտարարեց Էրդողանը, նույնիսկ մի շենք չկար, որի վրա կարելի էր կախել «հաղթած կողմի» դրոշը:

Այնուհետեւ թուրք առաջնորդը տրամաբանորեն անցում է կատարել տարածաշրջանին հասցված վնասի (հասկանալի է՝ հայկական իշխանությունների կողմից) փոխհատուցման անհրաժեշտության հիմնավորմանը: Նա խոսել է ավերված քաղաքների ու բնակավայրերի, ավերված եւ քանդված գերեզմանների, վերացված մզկիթների եւ ավելի ընդլայնված՝ «հայերի կողմից պատմական եւ մշակութային ժառանգության ոչնչացման» մասին ու եզրակացրել է, որ հասցված ամբողջ վնասը պետք է անմիջապես ճանաչվի ու փոխհատուցվի:

Էրդողանը նաեւ հավելել է, որ հայ քաղաքական գործիչները մինչեւ հիմա իրենց երկրի մարդկային ռեսուրսները ծախսել են «զավթված տարածքների» օկուպացիայի վրա, եւ հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունն այսուհետեւ անհրաժեշտ պատասխանատվություն կդրսեւորի «կայուն խաղաղության» պահպանման նպատակով:

Քաղաքականության մեջ քիչ թե շատ փորձ ունեցող ցանկացած մեկի համար ակնհայտ է, որ Բաքու Էրդողանի երկօրյա այցի իմաստը ակներեւորեն գործընկերոջ հետ միայն գովասանքի եւ պաթոսային ելույթների փոխանակումը չէր, այլ ավելին: Բացառված չէ, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողություններում տրամադրած «օգնության» դիմաց հիմա Ադրբեջանի տարածքում կստանա որոշակի հատուկ իրավունքներ, եթե, իհարկե, ոչ տարերկրայնության իրավունք, ինչին ժամանակին փորձել են հասնել եւ Արեւելքի երկրներում գաղութային նվաճումների ժամանակաշրջանում ստացել են արեւմտյան քաղաքական գործիչները, որոնց Էրդողանն այդքան նախատում էր:

Նման ինչ-որ բան, Թուրքիայի կողմից Ադրբեջանում որոշակի արտոնություններ ստանալու իմաստով, Էրդողանի Բաքու այցից տառացիորեն մեկ օր առաջ ակնարկում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, երբ ասում էր, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում հիմնադրվող խաղաղության պահպանման Դիտորդական կենտրոնի աշխատանքում որոշակի «հատուկ դեր» կկատարի, ինչի շուրջ Անկարան պայմանավորվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ: Այս թեմային անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, երբ ասում էր, թե Բաքու է բերել տարածաշրջանում խաղաղության արդյունավետ պահպանման առաջարկներ, եւ ի դեպ, ընդգծել էր, որ Անկարայի առաջարկներին «համաձայն է նաեւ Մոսկվան»: Դրանով Թուրքիայի նախագահը չի թաքցնում, որ մտադիր է հետագայում եւս հասնել Ադրբեջանում իր մտահղացումների իրականացմանը, եւ ավելի ընդլայնված՝ ամբողջ Անդրկովկասում՝ վկայակոչելով Մոսկվայի հեղինակությունը:

Հիշեցնենք, որ ներկայումս «Մոսկվայի հեղինակությունը» հակամարտող կողմերին օգնեց դադարեցնել շաբաթներ շարունակվող արյունահեղ ռազմական բախումները, երբ Բաքուն եւ Երեւանը պայմանավորվեցին ս.թ. նոյեմբերի 10-ին հրադադարի շուրջ: Հենց այդ ժամանակ ստորագրված 10 կետանոց համաձայնագրի շրջանակում, որն անմիջապես բողոքի ցույցեր հրահրեց Հայաստանում եւ ակտիվացրեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, տարածաշրջանում ռազմական շփման գծում տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Սակայն կարծիք կա, որ Էրդողանն Անդրկովկասում իր քաղաքականության համար Բաքվին որպես զենք օգտագործելու հույս ունենալով, այնուամենայնիվ, հազիվ թե կարողանա նույն նպատակներով օգտագործել ռուս խաղաղապահներին: Ավելին՝ հույս կա, որ ռուս խաղաղապահները, հակառակը, Անկարայի համար լուրջ խոչընդոտ կդառնան այսուհետեւ տարածաշրջանում լիակատար իշխելու իր մտադրությունների իրագործման գործում: