Ակնհայտ է, որ եթե Տիգրան Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը չլիներ, այժմ բանտում չէր լինի։ Հունիսի  3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որպես իրավապաշտպան համարո՞ւմ է ինքը Տիգրան Փոստաջյանին  քաղբանտարկյալ, պատասխանեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ինքը վերջերս է ստորագրել Փոստանջյանին սատարող մի հայտարարություն, բացի այդ անձամբ է հեղինակել այն  հայտարարությունը, որով ի պաշտպանություն Տիգրան Փոստանջյանին հանդես է եկել  Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն։

«Այդ հայտարարությունում ընդգծվել է, որ երիտասարդը հետապնդվում է քրոջ՝ Զարուհի Փոստանջյանի ծավալած հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության պատճառով։ Այսօր էլ շարունակում եմ պնդել նույն միտքը։ Որքանո՞վ է սա քաղաքական հետապնդում, չեմ կարող ասել, բայց որ սա ճնշում է պատգամավորի վրա, հաստատ է»,- ասաց Հարությունյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այն հոդվածը, որով մեղադրվում է Տիգրան Փոստըանջյանը, այլեւս ապաքրեականացված է, ինչը նշանակում է, որ վերջինս պետք է ազատ արձակվեր արդեն դատարանի դահլիճից եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է իրականացվեր ոչ բանտային պայմաններում:

Նշենք, որ Տիգրան Փոստանջյանի անունը ընդգրկված չէ ՀԱԿ-ի կողմից ներկայացված քաղբանտարկյալների ցուցակում։ Փոխարենը ընդգրկված է եղել Արա Հովհաննիսյանի անունը, ում նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին համարել էր հանցագործ եւ պահանջել չկանգնել Նիկոլ Փաշինյանի եւ Սարսուն Միքայելյանի հետ միեւնույն  հարթակում։