Երեւանի Աջափնյակ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակիչների վերաբնակեցման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով վարչական շրջանի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Առաքելյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռ. Հովսեփյանը, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետ Ա. Ամյանը, համապատասխան մասնագետներ, ինչպես նաեւ  Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակիչները։

Հաշվի առնելով, որ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը իրականացվում է պետական միջոցների հաշվին բազմաբնակարան շենքերում բնակարանների տրամադրման միջոցով, իսկ պետական միջոցներով կառուցված բնակարանների թիվը վերաբնակեցում կազմակերպելու հնարավորություն չի տալիս, քաղաքապետարանը պատրաստակամություն հայտնել է Երեւան համայնքի միջոցներով կատարել տվյալ շենքի բնակիչների վերաբնակեցման աշխատանքները։

Քննարկման ժամանակ բնակիչներին առաջարկվել են տարբերակներ, համաձայն որոնց, այն բնակիչները, ովքեր կցանկանան անմիջապես վերաբնակեցվել, կստանան պետական միջոցների հաշվին կառուցված եւ Երեւան համայնքին տրամադրված տարբեր վարչական շրջաններում գտնվող բնակարաններ։ Իսկ նույն վարչական շրջանում վերաբնակվել ցանկացող քաղաքացիների հետ կկնքվեն պայմանագրեր, որոնց համաձայն նրանք բնակարան կստանան Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող նոր բազմաբնակարան շենքից։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի սեպտեմբերին։