Արդեն 20 օր է` Գյումրիի Ղորղանյան-124 հասցեի բնակիչները ապրում են բաց երկնքի տակ: Նրանց տունը փլվել է, եւ մարդիկ արդեն 20 օր տնակի են սպասում: «Հասկանո՞ւմ եք, մենք դրսում ենք մնացել, գիշերելու տեղ չունենք, տանն առաջին կարգի հաշմանդամ կա, ծեր թոշակառուներ, միեւնույն է, ասում են սեփական բնակֆոնդից եք: Ի՞նչ է սա նշանակում, պառկենք մեռնե՞նք, որ փող չունենք»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց փլված տան բնակիչ Մարգո Նահապետյանը:
Նա 20 օր շարունակ թակել է տարբեր կառույցների դռներ, բայց որեւէ պատասխան չի ստացել: «Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարում է. «Քաղաքապետարանը ձեր հորանց տո՞ւնն է»: Գնում ենք այնտեղ դուրս են անում, չեն թողնում գոնե միջանցքում Ղուկասյանին մոտենամ: Իսկ մարզպետարանը… չգիտեմ առհասարակ ի՞նչ կառույց է, ինչի՞ համար է, գնում ես, ասում են մենք ոչինչ անել չենք կարող»,- ասաց Մարգո Նահապետյանը:
Նա դիմել է նաեւ Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներին, սակայն նրանց ոչ ոք չի ընդառաջել: «Ասում են, թե ապրում ենք քաղաքակիրթ երկրում, ասում են, թե քաղաքացին պաշտպանված է, իր երկրի տերը, բայց սուտ է, մարդն արժեք չունի: Ասում են` պառկի սաղ-սաղ թաղենք ձեզ, ուզում են, որ վերանանք, մեր նմաններն ապրելու իրավունք չունեն: Ուզածներս տնակ է, տնակ, բայց չեն տալիս, որքա՞ն կարելի է գիշերել բարեկամի մոտ կամ բակում»,-բողոքեց Մարգո Նահապետյանը:




























