Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է օրերս կատարված կողոպուտը: Մայիսի 31-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 12.30-ին Նորքի 6-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կողոպտել են 32-ամյա Լիլիթ Ս.-ին` հափշտակելով 350 հազար դրամ արժողության ոսկյա շղթան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 3-ին, ժամը 22-ին ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նորքի 5-րդ զանգվածի մի բնակարանից բաժին են բերել ուսումնարաններից մեկի 1-ին  կուրսի սովորող, 15-ամյա Արամ Դ.-ին: Նա խոստովանել է, որ կողոպուտը կատարել է ընկերոջ` Համլետ Ղ.-ի հետ:

Արամ Դ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը, ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: