Մեր երկիրը գտնվում է ողբալի վիճակում, «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի տարածքների մեծ մասն ու Սյունիքի եւ Գեղարքունի կարեւորագույն ռազմավարական բարձունքները:
«Մենք պետականության կորստի շեմին ենք: Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները չեն թաքցնում, որ Հայաստանի հետ պատերազմն անխուսափելի է, այն դեպքում, երբ մեր ղեկավարությունը զբաղված է իշխանությունը պահելու հարցով: Վարչապետը փորձում է վախեցնել ընդդիմությանը: Փաշինյանն ասում է, թե ընդդիմությունը չի զբաղվում այդ հարցով, սակայն մի՞թե դա ընդդիմության գործն է»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս այս տարվա հունիսին «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է հանրությանն ու «Իմ քայլին»՝ ասելով, որ երկիրը մեծ վտանգի առջեւ է կանգնած:
«Նրա հայտարարությանը երկրի ղեկավարությունը հեգնանքով պատասխանեց: Ապա սկսվեց Ծառուկյանի քաղաքական հետապնդումը: Նրան զրկեցին անձեռնմխելիությունից եւ ձերբակալեցին: Իսկ այժմ սկսել են հետապնդել նրան»,-նկատեց Զոհրաբյանը:





























