Երկար ժամանակ փորձում էին իմ դեմ քրեական գործ հարուցել, սակայն գործող իշխանությանը դա անել չհաջողվեց: Այս մասին դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դրանից հետո, Զոհրաբյանի հավաստիացմամբ, Փաշինյանը որոշեց իրեն զրկել խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակից:
«Ազգային ժողովում, որը պետք է դառնար կարեւորագույն սոցիալական եւ քաղաքական հարցերի քննարկման հարթակ, Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում նրանցից, ովքեր իր դեմ են հանդես գալիս: Վարչապետը կարծում է, որ ես վշտից կմեռնեմ, եթե այդ պաշտոնից զրկվեմ: Դա այդպես չէ, ես իմ աշխատանքը կշարունակեմ նույն ռեժիմում, ինչ եւ նախկինում»,- շեշտեց Զոհրաբյանը:
Խորհրդարանականի կարծիքով՝ այդուհանդերձ, անձնական վրեժը ամենեւին միակ պատճառը չէ, որ Փաշինյանը մտադիր է իրեն զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Ես տնօրինում եմ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթի, որում մանրամասն ներկայացված են Ադրբեջանի բոլոր ռազմական հանցագործությունները: Ես այդ հանցագործությունների վերաբերյալ մի շարք նամակներ եմ պատրաստել միջազգային կառույցների ղեկավարներին ուղղված եւ ակնկալում եմ, որ Ադրբեջանի եւ նախագահ Ալիեւի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն: Իսկ Փաշինյանը, հավանաբար, վախենում է, որ իր կիրթ ընկերոջ դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել, բայց ես կարող եմ այդ նամակներն ուղարկել ոչ միայն որպես խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, այլ նաեւ որպես սովորական պատգամավոր»,- շեշտեց նա:





























