Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում Միացյալ Թագավորության Քրեյվն եւ Երեւանի զբոսաշրջության հայ-հունական պետական քոլեջների միջեւ համագործակցություն են սկսել:
Այս տարվա մայիսին Միացյալ Թագավորություն են այցելել Բրիտանական խորհրդի եւ հայկական քոլեջի ներկայացուցիչները, ինչի արդյունքում ստորագրվել է համատեղ ծրագրերի իրականացման համաձայնագիր ու հստակեցվել ծրագրերի ժամկետները:
«Հայ-հունական պետական քոլեջի դասընթացներն ընդգրկուն եւ նպատակային են տուրիզմի, սպասարկման եւ սննդի արդյունաբերության ոլորտում մասնագետների պատրաստման գործում: Մեր փորձի կիրառմամբ մենք նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստման դասընթացների շարք, որի արդյունքում հայ-հունական քոլեջը կկարողանա ընդարձակել դասավանդման իր շրջանակները»,-ասել է Դեվիդ Լեյվըլինը` Քրեյվն քոլեջի միջազգային ծրագրերի ղեկավարը:
Մինչեւ տարեվերջ կկազմակերպվեն փոխայցելություններ երկու քոլեջների միջեւ, կանցկացվեն դասընթացներ, դասավանդման բրիտանական փորձի ու մոտեցումների ուսումնասիրման եւ կիրառման արդյունքում կձեւավորվեն նոր դասընթացներ:
«Համոզված եմ, որ երկու քոլեջների միջեւ ձեւավորված համագործակցության արդյունքները նկատելի կլինեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Մեր նպատակն է ձեւավորվել փոխշահավետ համագործակցություն»,-ասել է «Հմտություններն աշխատանքում» ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը: Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի նպատակն է նպաստել միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացմանը Հայաստանում միջազգային գործընկերության զարգացման միջոցով:
Հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վսրդանյանը, ով այցելել էր Միացյալ Թագավորություն, նկատել է, որ երկու քոլեջների միջեւ ձեւավորված գործընկերությունն ու համատեղ ծրագրերի իրականացումն անհրաժեշտ է կրթական ժամանակակից չափանիշների ապահովման համար:




























