Թեղուտի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները եւ հաճախակի են դառնում սողանքները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր Հայաստանում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը եւ բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով, անխնա եւ արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը:

Հայաստանն օր-օրի ծածկվում է նորանոր բացվող հանքերով ու միլիոնավոր տոննաներով լեցուն թունավոր նյութերի պոչամբարներով:

Անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները եւ հաճախակի են դառնում սողանքները: Երկրի մակերեւութային ու ստորերկրյա ջրերը զոհաբերվում են հիդրոէներգետիկայի ու ձկնարդյունաբերության ոչ խելամիտ զարգացմանը: Որսի ծավալման ու տնտեսական գործունեության արդյունքում աղքատանում է երկրի կենդանական ու բուսական աշխարհը: Քաղաքների ինտենսիվ կառուցապատման հետեւանքով աճում են սեյսմիկ ռիսկերը եւ ավելանում է սթրեսը: Մարդիկ արտագաղթում են իրենց հայրենիքից`գիտակցելով, որ ընդամենը 1-2 տասնամյակ անց նրանց երեխաները չեն ունենալու ապրելու համար պատշաճ առողջ շրջակա միջավայր, երկիրը զարգացնելու ռեսուրսներ եւ ապահով ապագա:

Հայաստանի իշխանությունը չի ձեռնարկում որեւէ քայլ իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Հասարակայնության եւ մասնագետների կողմից բարձրացվող բողոքները մնում են անպատասխան եւ «ձայն բարբառոյ hանապատի»: Իսկ բնական ռեսուրսների հյուծումը Հայատանում տեղի է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իմացությամբ, թողտվությամբ եւ օրինականացմամբ, եւ նրանք որեւէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում կատարած անօրինականությունների համար: Երկրում տիրում է բացարձակ «բեսպրեդելը» եւ անպատժելիությունը:

Հիշեցնում ենք, որ բնական պաշարների կառավարումը` հանուն երկրի զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է: Իշխանության կողմից իր տվյալ պարտականության ձախողումն ամրապնդում է երկրում տիրող սոցիալական անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտը, եւ ծառայում կարեւոր գործոն իշխանությունը փոխելու հասարակական պահանջարկի ձեւավորման համար»: