Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ջրից թունավորված 56 հիվանդներից 27-ն արդեն դուրս են գրվել. նրանք բուժհաստատություն տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով, թունավորվածներից 14-ը մեծահասակներ են, 42-ը` երեխաներ։ «Բայց թունավորվածներից 27-ն արդեն դուրս են գրվել, մյուսների մոտ դրական տեղաշարժ է նկատվում, վտանգավոր կամ կյանքին սպառնացող դեպքեր չունենք»,- մանրամասնեց Ասոյանը։
Հարցին, թե լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզե՞լ են աղիքային վարակի պատճառ դարձած հարուցչի տեսակը, Ասոյանը պատասխանեց, որ դեռեւս՝ ոչ։ «Լաբորատոր հետազոտությունների պատասխանները կլինեն կամ այսօր կամ վաղը»,- ասաց նա։
Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց 26 քաղաքացիներ տեղափոխվել էին դեռ շաբաթ օրը. թունավորման պատճառը խմելու ջուրն էր եղել։




























