Առեւտրային ընկերություններում աշխատավարձի մեծությունն անկախ բոլոր օբյեկտիվ գործոններից սահմանվում է սեփականատիրոջ սուբյեկտիվ որոշմամբ: Բիզնեսի կորպորատիվ կառավարման դեպքում աշխատանքի վարձատրությունում որոշակի արդարություն առկա է: Իսկ «բացարձակ իշխանության» պայմաններում սեփականատիրոջ անձնական եկամուտի եւ շարքային աշխատողի վարձատրության միջեւ հսկայական անդունդ է լինում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա մարտ ամսին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 111 հազար 485 դրամ է եւ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 5,1 տոկոսով:
Հայկական դրամի փոխարժեքը չիմացողի համար այդ թիվը կարող է տպավորիչ լինել: Սակայն իրականում այն ընդամենը 302 դոլար 60 ցենտ է:
Եթե դիտարկենք միջին աշխատավարձը, ապա, ըստ ամենայնի, կիսասոված են մնում ձկնորսության, գյուղատնտեսության, անտառտնտեսության (69,1 հազար դրամից էլ քիչ կամ 187,5 դոլար), նաեւ հյուրանոցների ու հասարակական սննդի (71,8 հազար դրամ կամ գրեթե 195 դոլար) աշխատողների ընտանիքները: Զարմանալի է, սակայն սրանցից ցածր աշխատավարձ էլ կա, այն էլ հանգստի կազմակերպման ոլորտում: Այստեղ այն 63,2 հազար դրամ է կամ 172 դոլարին համարժեք: Մխիթարում է ենթադրությունը, որ պաշտոնական աշխատավարձին գումարվում է նաեւ ծրարովը եւ հանգստացողների թողած թեյավճարները:
Միջին աշխատավարձի մեծությամբ` երկրորդ տեղում լեռնահանքային արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ոլորտն է: Ընթացիկ տարվա մարտ ամսին այս ոլորտներում միջին ամսական աշխատավարձը 242,9 հազար դրամ է (ավելի քան 659 դոլար): Իհարկե, բոլորն այդքան չեն ստանում: Միջին ցուցանիշը համահարթեցնում է ընկերության ամենաբարձր վարձատրվող ղեկավարության եւ շարքային աշխատողների աշխատավարձերի մակարդակը: Սակայն, ինչքան մեծ է աշխատակազմը, այնքան քիչ է միջին ցուցանիշի վրա ազդում ձեռնարկության փոքրաթիվ ղեկավարության աշխատավարձի չափը:
Այս ոլորտի առաջատարը Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատն է, որն անցած տարվա տվյալներով, ավելի քան 3,1 հազար աշխատող ուներ: Այդ ցուցանիշով կոմբինատը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործատուների ցանկում զբաղեցնում է 5-րդ տեղը:
Dino Gold Mining Company-ն ունի մոտ 1,1 հազար, իսկ GeoProMining Gold-ը 700-ից ավելի աշխատող:
Լեռնահանքային արդյունաբերությունում գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները օտարերկրյա ընկերությունների սեփականությունն են: Հնարավոր է, որ հենց այս գործոնն է նպաստել ոլորտում համեմատաբար բարձր աշխատավարձ ունենալուն:
Իսկ վերամշակող արդյունաբերությունում աշխատավարձն ավելի ցածր է, թեեւ ըստ տրամաբանության` աշխատավարձն այստեղ պետք է ավելի բարձ լինի, քան արդյունահանող արդյունաբերությունում: Վերամշակող արդյունաբերությունում աշխատավարձը 2,2 անգամ ցածր է` 131,3 հազար դրամ:
Վերամշակող արդյունաբերությունում յուրաքանչյուր աշխատող պետք է ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծի, քան հումքային արդյունաբերությունում, այդուհանդերձ աշխատավարձը երկու անգամ ցածր է: Հավանաբար դրա պատճառն այն է, որ վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների մեծ մասի սեփականատերերը տեղի գործարարներն են:
Աշխատավարձի մեծությամբ` առաջատարն ավանդաբար ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներն են: Մարտ ամսին միջին աշխատավարձն այստեղ 327,6 հազար դրամ էր (889 դոլար): Ստացվում է, որ մեր երկրում վարձու աշխատողներին առավելագույն եկամուտ է բերում նյութական արդյունք չտվող ոլորտը:
Առեւտրային բանկերը բավական մեծ թվով աշխատողներ ունեն: Օրինակ` Հայաստանի խոշորագույն գործատուների ցուցակում 22-րդ տեղը 1023 աշխատողներով զբաղեցնում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, որն ունի 78 մասնաճյուղ: Այս բանկը աշխատողների թվով գերազանցում է Ագարակի պնձա-մոլիբդենային կոմբինատին, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակին» եւ «Ռուսալ Արմենալին»:
27-րդ տեղում «ՎՏԲ-Արմենիա բանկ» ՓԲԸ-ն է` 78 մասնաճյուղ, 945 աշխատող: Երրորդը ցուցակի 30-րդ տեղը զբաղեցնող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն է` 40 մասնաճյուղ, 879 աշխատող:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Արեւմուտքում առեւտրային բանկերի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է: Ռիսկերից խուսափելու համար ազատական տնտեսություններում դիմում են առեւտրային բանկերի գործունեության պետական կարգավորման:
Հայաստանյան բանկերին բնորոշ է չափազանց զգուշավորությունը վարկավորման մեջ, այդ պատճառով ռիսկերը նվազագույն են: Սակայն ռիսկերի նվազեցումը բերում է նաեւ վարկավորման նվազեցման: Անցած տարի վարկերի ծավալը ՀՆԱ-ի 25,3 տոկոսն էր` նախորդ տարվա համեմատ աճելով 3,1 տոկոս: Այդ հարաբերակցությունը զարգացած երկրների համեմատ բավական ցածր է:
Հայրենական բանկերի հաջողության գաղտնիքը ոչ թե տրամադրած վարկերի ծավալն է, այլ ավանդների եւ վարկերի միջեւ հսկայական մարժան: Ապրիլ ամսվա դրությամբ, Հայաստանում վարկերի տարեկան միջին տոկոսադրույքը 17,01 տոկոս էր, իսկ ավանդների տոկոսադրույքը 9,37 տոկոս էր: 7,64 տոկոսի տարբերությունը մի քանի անգամ գերազանցում է զարգացած երկրների նույն ցուցանիշը:
Հանուն արդարության նշենք, որ մեր բանկային ծառայողների աշխատավարձն արեւմտյան գործընկերների աշխատավարձի համեմատ չափազանց ցածր է: Սակայն համեմատելով Հայաստանի եւ Արեւմուտքի երկրների բանկային համակարգի աշխատանքի արտադրողականությունը` ամեն ինչ հստակեցվում է. աշխատանքի վարձատրությունը համապատասխան է բանկային գործի բարգավաճման մեջ ունեցած անձնական ներդրմանը:
Ընդլայնողական տնտեսական քաղաքականությունից անցում կատարելով զսպողականին` Հայաստանի Կենտրոնական բանկը հետեւողականորեն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն ապրիլին հասավ 8,5 տոկոսի` մարտ ամսվա համեմատ բարձրանալով 0,25 տոկոսով: Սակայն զարմանալի է, որ նույն ժամանակահատվածում վարկերի տարեկան տոկոսադրույքը նվազեց 1,28 տոկոսով, իսկ ավանդների տոկոսները բարձրացան 0,32-ով: Ապրիլին բանկերի մարժան կրճատվեց 1,6 տոկոսով: Ուսումնասիրված ժամանակահատվածը հիմնավոր եզրահանգում անելու համար կարճ է, սակայն տվյալները վկայում են տնտեսության վարկավորման եւ բանկերում ավանդներ ներգրավելու հետ ունեցած խնդիրների մասին: Առայժմ դժվար է ասել, թե մարժայի կրճատումն ինչքանով կազդի բանկային ոլորտի աշխատավարձի վրա:
Հայտնի է, որ հունիսի 1-ին Ժնեւում աշխատանքը սկսեց Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 100-րդ հոբելյանական նստաշրջանը: Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան նշեց, որ
«վերջին տարիներին կիրառվող տնտեսական մոդելը հանգեցրել է անհավասար եւ ոչ հավասարակշիռ գլոբալիզացիայի, ինչի հետեւանքը բարիքների անհավասարաչափ բաշխումն է, որը խաթարում է հասարակության միասնությունը»: Այստեղից էլ արաբական աշխարհի ապստամբությունները:
Գլոբալիզացիան է մեղավոր: Բայց եկամուտների ցուցանիշով խիստ բեւեռացված բնակչությամբ երկրներում գոյություն ունեն նաեւ ներքին հիմնախնդիրներ:
Այդ եզրահանգումներն արդար են նաեւ մեր հասարակության համար: Այն բառացիորեն պառակտված է երկու հակադիր բեւեռների: Անհրաժեշտ է համեմատաբար ցածր աշխատավարձը մոտեցնել բարձ աշխատավարձի մակարդակին: Այդ խնդրի լուծմանը խանգարում է չափազանց ցածր նվազագույն աշխատավարձը` 22,5 հազար դրամ: Դա գործատուներին հնարավորություն է տալիս խնայել վարձատրության վրա:
Սակայն նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը կհարվածի պետական բյուջեին` եկամտահարկի մասով: Անցած տարվա վերջնարդյունքում, եկամտահարկը ապահովել է պետբյուջեի բոլոր հարկային եկամուտների 13 տոկոսը:
Բայց այդ խնդրի լուծումն այլ տեղ պետք է փնտրել: Ենթադրելու լուրջ հիմքեր կան, որ մեր որոշ քաղաքացիների անձնական եկամուտի մի մասը չի հարկվում: Նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում պետբյուջեի կորուստները կարելի է լրացնել հենց այդ աղբյուրից:
Գործարարների խիղճը երեբեք չի ստիպի կրճատել սեփական եկամուտը եւ բարձրացնել աշխատողի վարձատրությունը: Բայց գոյություն ունեն արհմիություններ, որոնք ստեղծված են հենց կոլեկտիվի շահերը պաշտպանելու համար: Նշենք, որ օտարերկրյա կապիտալով խոշոր ընկերություններում եւ առեւտրային բանկերում որպես կանոն կան արհմիություններ: Այդ իմաստով անպաշտպան են տեղական բիզնեսի ձեռնարկությունները:



























