Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ պատրաստվում են դիմավորել 2021 թվականի տարեմուտը COVID-19 կորոնավիրուսի պայմաններում՝ սահմանափակումներով եւ պարետային ժամերով:
Ամբողջ աշխարհում իշխանությունները կոչ են արել հանրությանն Ամանորը դիմավորել տանը:
Այսպես, Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել մարդկանց պահպանել կանոններն ու «տանը հանգիստ դիմավորել Նոր տարին»: Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեկտեմբերի 31-ին սահմանել են սահմանափակումների ամենաբարձր մակարդակը բազմաթիվ շրջաններում կորոնավիրուսով վարակման թվի աճի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայում դեկտեմբերի 31-ին շուրջ 100 հազար ոստիկան կհերթապահի երեկույթներն ու հավաքույթները սահմանափակելու համար: Ոստիկանները կենտրոնացել են քաղաքների կենտրոնական մասերում եւ առավել խոցելի շրջաններում:
Գերմանիայում, որը գտնվում է մեկուսացման ռեժիմում, կանցլեր Անգելա Մերկելն անվանել է 2020 թվականն իր պաշտոնավարման 15 տարիների ընթացքում ամենաբարդ տարին: Առողջապահության նախարար Յենս Շպանն Ամանորի նախօրեին հայտարարել է, որ ակնկալում է, որ երկրում կանցկացվի «ամենահանգիստ ամանորյա գիշերը»:
Իտալիայում 22:00-ից սկսվում է պարետային ժամ, իսկ մինչեւ հունվարի 7-ը կգործի մեկուսացման ռեժիմ, ուստի իտալացիները նույնպես կդիամավորեն Նոր տարին տանն ու կդիտեն տոնական հաղորդումները հեռուստացույցով:
Նյու Յորքի իշխանությունները փակել են Թայմս-սքուերը, որտեղ ավանդաբար անցկացվում են տոնական միջոցառումներն Ամանորի գիշերը: Այս տարի հնարավոր է տեսնել հեռարձակումն առցանց կամ հեռուստացույցով:
Իսրայելում, որտեղ ուժի մեջ է մտել մեկուսացման ռեժիմը համավարակի ամբողջ ընթացքում արդեն երրորդ անգամ, ոստիկանությունը նույնպես կզբաղվի տարերային երեկույթներն ու մարդկանց հավաքները ցրելով: Այդ ամենը կվերահսկվի դրոններով եւ ուղղաթիռներով: Շուրջ 2 հազար ոստիկան կվերահսկի իրավիճակը: Նրանք պարեկային ծառայություն կիրականացնեն քաղաքի փողոցներում եւ կստուգեն մարդկանց հասցեները, որոնք սոցցանցերում հիշատակել են, որ երեկույթ են նախապատրաստում:
Այդուհանդերձ, կան քաղաքներ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան դուրս գալ փողոց Ամանորի գիշերը: Ակնկալվում է, որ Դուբայում հազարավոր մարդիկ կհետեւեն հրավառությանն եւ Բուրջ Խալիֆայի լազերային շոուին: Նրանց բոլորին կգրանցեն QR-կոդերի օգնությամբ, իսկ դիմակ կրելը կհամարվի պարտադիր:
Բեյրութում իշխանությունները տեղափոխել են պարետային ժամը 3:00-ին, ռեստորաններն ու գիշերային ակումբները կրկին կբացվեն այցելուների դիմաց Նոր տարվան:





























