Երեւանի բակերի բարեկարգման այս տարվա  ծրագրով 48 բակեր արդեն բարեկարգվել եւ կահավորվել են ժամանակակից խաղահրապարակներով: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագիրը շարունակական է եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ընթացիկ տարում եւս 50 բակային տարածք կկահավորվի նոր մարզագույքով:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարեկարգման ծրագրերի շրջանակում, քաղաքապետի կողմից հետեւողականության պահանջ է դրվել ասֆալտապատման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ակտիվ աշխատել հատկապես ամռան ամսիներին, երբ երթեւեկությունը համամետաբար ավելի պասիվ է: 

Զեկուցվել է, որ քաղաքային պանթեոնում արդեն ավարտվել են բարեկարգման աշխատանքները, իսկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում շարունակվում է սալահատակների, ճեմուղիների վերանորոգման եւ պատվանդանների ու արձանների բարեկարգման գործընթացը: 

Մայրաքաղաքի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով, քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել դաշտը, հաշվառել վթարային շենքերը եւ խնդրի լուծումը ներառել քաղաքապետարանի սոցիալական բնակարանաշինության ծրագրում: