Վայոց ձորի մարզում հունիսի 3-ին հորդառատ անձրեւների եւ ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Ռինդ գյուղում՝ 40 հա խաղողի այգիներ, Աղավնաձոր գյուղում՝ 60 հա խաղողի այգիներ, տների եւ անասնագոմերի տանիքներ` 310 քմ մակերեսով, էլեկտրասյուներ, ինչի հետեւանքով գյուղը հոսանքազրկվել է, գերեզմանատանը ընկել է 2 հուշաքար: Վնասներ են կրել նաեւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչները: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քամու հետեւանքով վնասվել են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 12 շենքի տանիքի կառուցատարրերը:
Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվել է տանիքի մետաղյա թիթեղների եւ ազբոշիֆերների ապամոնտաժում` 15քմ մակերեսով: Ուժեղ քամու եւ հորդառատ անձրեւների հետեւանքով Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վնասվել են Ասատրյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը` 30 քմ մակերեսով, Գառնի գյուղում՝ Ազատ գետի հունի բարձրացման հետեւանքով սելավաջրերը վնասել են գյուղամիջյան ճանապարհները` 500-600մ եւ լցվել հարակից տարածքում գտնվող խմելու ջրի պոմպակայան: Պոմպակայանի աշխատանքը դադարեցվել է, իրականացվել են ջրաբերուկներից մաքրման աշխատանքներ:
Նույն օրը Վայոց ձորի մարզում ուժեղ քամու եւ հորդառատ անձրեւների հետեւանքով վնասվել են Զեդեա գյուղի հացահատիկի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները` 10 հա, պտղատու այգիների 70%-ը:
Հունիսի 5-ին`ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել,որ Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում տեղացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով պոկվել են մի քանի խանութների տանիքներ, ջարդվել են ապակիներ, ընկել են ծառեր եւ վնասվել ավտոմեքենաներ:
Վնասի չափերը ճշտելու նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով:




























