Նուբարաշենի տասնմեկ փողոցի բնակիչները ընդունվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, բարձ ջերմություն գանգատներով: Այս մասին այսօր` հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այսօր հիվանդանոցում գտնվում է 57 հիվանդ: Վերակենդանացման բաժանմունքում հիվանդներ չկան, ծանր դեպքեր` նույնպես:
Արա Ասոյանը համոզված է, որ վարակի աղբյուրը ջուրն է, բայց դեռևս հաստատված չէ, թե հատկապես ինչ վարակ է: Ասոյանը նշեց, որ ջրի վարակը որեւէ հետեւանք չի ունենա մարդկանց առողջության վրա, քանի որ ծանր միկրոբներ չեն հայտնաբերվել, մարդկանց խորհուրդ է տրվել մեկ շաբաթ դիետա պահել:
Ասուլիսին ներկա «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել կոնկրետ պատճառի մասին, քանի որ լաբորատոր փորձաքննությունը դեռ ավարտված չէ:
«Եթե պարզվի, որ վարակի պատճառը ջուրն է, ապա տուժածները փոխհատուցում կստանան»,-ասաց Գոռ Գրիգորյանը: Ինչ վերաբերում է հենց վարակի օրը բնակիչներին ջրազրկելուն, ապա նա նշեց, որ դա չի թույլատրվում, իսկ հիվանդանոց դիմած բոլոր հիվանդները հենց այդ օրվա ջրից են օգտվել, մյուս օրերին ջրի մեջ վարակ չի հայտնաբերվել: 5 լաբորատորիաներում կատարվում է հետազոտություն եւ մինչեւ արդյունքը պատրաստ չլինի, չեն կարող նշել, թե կոնկրետ ջրի մեջ ինչ վարակ է եղել, կամ ջրի ինչպիսի շեղումն է հանգեցրել Գոռ Գրիգորյանը նշեց նաեւ, որ Երեւանի ջրատար համակարգը բավականին հին է, մի քանի տասնյակ տարիների վաղեմություն ունի, սակայն «Երեւան Ջուրն» այդ ամենը միանգամից չի կարող փոխել: Նրա խոսքով` առաջիկայում սպասվում են վարկեր, որոնց միջոցով բավական ջրախողովակներ կփոխվեն եւ նոր ջրամատակարարման ցանցեր կանցկացվեն: Գոռ Գրիգորյանի վստահեցմամբ` ամսվա ընթացքում նրանք իրականցնում են 400-ից ավել շրջայցեր, ստուգում են նաեւ քլորը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն էլ շեշտեց, որ տարածքում խմելու ջրի խողովակի վնասվածք է եղել, որը «Երեւան ջուրը» կարգավորել է:
Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց 26 քաղաքացիներ տեղափոխվել էին դեռ շաբաթ օրը. թունավորման պատճառը խմելու ջուրն էր եղել։




























