Վերջին մեկ ամսում Շիրակի մարզում ավիատոմսերի գների անկում է գրանցվել: Աշխատանքի սեզոնը մասնագետները համարում են ավարտված ու սկսվում է հանգստի սեզոնը, ինչի հետ կապված էլ ակնկալվում էր, որ ավիատոմսերի պահանջարկը դարձյալ կմեծանա:

Բայց Շիրակի մարզում հակառակ պատկերն է, քանի որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շատերը հրաժարվում են հանգստավայրեր մեկնելուց: «Հասկանո՞ւմ եք, հիմա խոպանի սեզոն չէ, մարդիկ հրաժարվում են նաեւ հանգստի մեկնելուց, այն պարզ պատճառով, որ գումար չունեն»,-ասել է Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում տեղակայված ավիատոմսարկղի աշխատակից Կարինե Հովհաննիսյանը: Նա հավելել է նաեւ, որ հայերի համար նախընտրելի հանգստավայրեր են շարունակում մնալ վրացական Բաթումին, Ուռեկին, թուրքական Անթալիան, «բայց անգամ այդ տոմսերն այս տարի չեն վաճառվում»: «Շատերն այս տարի համակերպվել են տեղում ամառային հանգիստը կազմակերպելու մտքի հետ»,-ասել է Կարինե Հովհաննիսյանը:

Հանգիստը Հայաստանում կազմակերպելը, ըստ գյումրեցիների, դարձյալ խիստ թանկ է եւ գրեթե եվրոպական գներ է պահանջվում հայաստանյան հանգստավայրերում հանգստանալու համար: