«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հայաստանի Երրորդ հանրապետության 20 տարվա պատմության մեջ ընդդիությունը մշտապես՝ 1992 թվականից սկսած, պահանջում է նախագահի անհապաղ հրաժարական եւ արտահերթ ընտրություններ։ Փաստարկը, որը բերվում է հօգուտ այդ գաղափարի, նույնն է. վիճակը օրհասական է, երկիրը անդունի եզրին է, եթե այս ազգադավ իշխանությունները նույնիսկ 5 րոպե ավելի մնան, դա կործանարար հետեւանքներ կբերի Հայաստանին։ Այսօր ընդդիմության այդ դրամատիկ գնահատականին միացնում են եւս մի հիմնավորում. արտահերթ ընտրությունները արդար են լինելու, իսկ հերթականը՝ անարդար։ Դա, հավանաբար, ասվում է այն պատճառով, որ այսօրվա ընդդիմության կազմում կան արդար ընտրություններ անցկացնելու հարուստ փորձ ունեցող մարդիկ։

Օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Բայց դառնանք հիմնական փաստարկին՝ օր առաջ օդ ու ջրի նման անհրաժշտ անհապաղ իշխանափոխությանը։ Ասել, որ վիճակի օրհասական լինելու մասին պնդումները երբեւէ անհիմն են եղել կամ այսօր են անհիմն, իհարկե՝ սուտ կլինի։ Ես, օրինակ, հիշում եմ ավելի ծանր վիճակներ, երբ հանրապետությունում կար ընդամենը երկու օրվա ցորենի պաշար։ Այդ պահին էլ էր ընդդիմությունը միտինգ անում նույն կարգախոսով, բայց ինձ թվում է՝ եթե այդ ժամանակահատվածում առաջին նախագահը սխալմամբ հրաժարական տար, դրանից մեր ցորենի պահեստները չէին լցվի։ Ընդհակառակը՝ իրավիճակն ավելի կծանրանար թե´ Երեւանում, թե´ ռազմաճակատում»: