Հայաստանը հերթական անգամ հայտ է ներկայացրել «ԵվրԱզԵս»-ին` 400 մլն դոլարի չափով: Տեղեկատվության աղբյուրն առայժմ Ռուսաստանի ֆինանսների նախարարն է, ով, ի դեպ, խոսել է ոչ թե վերջնական որոշման, այլ վարկի տրամադրման հավանականության մասին:
Նշենք, որ սա «ԵվրԱզԵս»-ից խոշոր վարկ ստանալու առաջին փորձը չէ: Դեռ 2009-ի կեսերին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում ենք վարկ ստանալ այդ կառույցից, պայմանով` եթե ներկայացվեն կենսունակ ծրագրեր: «ԵվրԱզԵս»-ի հակաճգնաժամային հիմնադրամում կուտակված է 10 մլրդ դոլար, հետեւաբար` խոշոր ծրագրեր ֆինանսավորելու առումով դա աշխատող կառույց է:
Հայաստանը 2 ծրագիր է ուղարկել «ԵվրԱզԵս»-ին` էներգետիկայի եւ քիմիայի ոլորտներից: Առանց վարանելու կարելի է գուշակել, որ այդ ծրագրերից ամենախոշորը վերաբերում է «Նաիրիտին»: Գործարանին հարկավոր են խոշոր գումարներ, ու գործարանի ղեկավարությունը ամեն գնով ձգտում է օգտագործել պետական խողովակները, ընդհուպ` պետական երաշխիքներ ստանալ: Սակայն էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այդ առիթով արդեն հայտնել է իր տեսակետը` պետական երաշխիք տալ չեն կարող, սակայն ֆինանսավորման աղբյուրներ փնտրելու հարցում կաջակցեն: Այդ խոստման շրջանակներում էլ բանակցություններ են տարվում «ԵվրԱզԵս»-ի հետ: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ո՞ւմ է տրվում «ԵվրԱզԵս»-ի վարկը: Եթե վարկառուն այստեղ Հայաստանի կառավարությունն է («ԵվրԱզԵս»-ը առեւտրային վարկեր չի տրամադրում) ապա պետական երաշխիքներից խուսափել հնարավոր չէ: Գուցե ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեսակետը տարբերվում է Տ. Դավթյանի տեսակետից, կամ գուցե կառավարությունը ցանկանում է լրջորեն զբաղվել «Նաիրիտով», որի բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերն է:
«Նաիրիտին», ասում են, հարկավոր է մոտ 400 մլն դոլար: Որից 125 մլն դոլարը` պարտքերի մարման համար: Ընկերությունը մոտ 90 մլն դոլար է պարտք ԱՊՀ Միջպետական բանկին, 20-25 մլն դոլար` էներգակիրների դիմաց չվճարումներ են ու չվճարված աշխատավարձեր: Մինչ այսօր ոչ ոք տեղյակ չէ, թե ընկերությունն ինչու է պարտքեր կուտակել ԱՊՀ Միջպետական բանկին, թեեւ ռուսական մամուլում անգամ հոդվածներ են հրապարակվել չարաշահումների մասին: Այսինքն` մենք պետք է պետական պարտք վերցնենք, որպեսզի ստվերենք «Նաիրիտի» մենեջմենտի անհայտ գործարքները: Իսկ արդյո՞ք հայ հարկատուները համաձայն են դրան:
Երբ «Նաիրիտը» 40 մլն դոլարով սեփականաշնորհվեց Rhinoville Property Limited-ին, նոր սեփականատերը պարտավորվեց, գոնե` խոստացավ ներդրումներն իրականացնել իր միջոցներով: Այդ խոստումները չիրականացան, ու հիմա «Նաիրիտը» սպառնում է բեռ դառնալ պետբյուջեի վրա: Չմոռանանք, որ Rhinoville Property Limited-ը օֆշորային ընկերություն է: Զարմանալ կարելի է, թե ինչու են տնտեսության առանցքային ակտիվները տրվում օֆշորային ընկերությանը: Այն պատճառաբանությունները, թե «Նաիրիտի» չաշխատելու հիմնական պատճառը էներգակիրների թանկացումն է` հիմնավոր չեն: Կուչուկի միջազգային գները 2008 թվականից հետո թանկացել են գրեթե 4 անգամ, ու ընդհանրապես` քլորոպրենային կաուչուկ արտադրող մյուս գործարաններում գազն ու հոսանքն ավելի էժան չեն:
Ներկայում վարչապետը հրապարակավ խոսում է «Նաիրիտի» կառավարման օպերատորի փոփոխության անհրաժեշտության մասին: Այդ նպատակով Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նույնիսկ «հետաքրքրությունների հայտ» է հրապարակել` օպերատոր գտնելու նպատակով: Բայց մինչ «Նաիրիտը» պետական երաշխիքների շնորհիվ կսկսի աղտոտել Երեւանի օդը, ցանկալի կլիներ, որ գոնե ֆինանսները մաքրվեին:
Սամվել Ավագյան




























