«Հայաստան» համահայկական հիմնադրամը մինչեւ տարեվերջ կավարտի ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները եւ քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Այդ աշխատանքները կատարվում է «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող, թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ կյանքի է կոչվում մեծապես Սամվել Կարապետյանի եւ իր գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերության նվիրատվությունների շնորհիվ: Առաջինը` Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է, որն իրականացվում է Ռուսաստանի հայ բարերարների նվիրաբերած միջոցներով, որտեղ առյուծի բաժինը կազմում է Կարապետյանի կատարած շուրջ մեկ միլիոն դոլար նվիրատվությունը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում այսօր արդեն կանգուն է Կարապետյանի նվերը արցախցիներին` հանրապետական հիվանդանոցը, որը հարդարման եւ կահավորման աշխատանքների ավարտից հետո կսպասարկի տարածաշրջանի բնակչությանը: