Այսօր` հունիսի 7-ի առավոտյան Վայոց Ձորի մարզ է այցելել փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Այցելության պատճառը Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի հատվածում մայիսի 31-ին գիշերը տեղի ունեցած փլուզումն է` 50-60 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ, 45-50 մետր խորությամբ: Արդյունքում Շատին գյուղի գլխավոր ճանապարհը, որը գյուղը կապում էր մարզկենտրոնի հետ, դարձել էր անանցանելի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոխվարչապետը եղել է Շատին գյուղի հատվածում, ապա նաեւ Վայքի այն հատվածում, որտեղ ջուրն ամբողջովին ծածկել է տարածքներ, որտեղով անցնում են գյուղերը էլեկտրականությամբ ապահովող էլեկտրասյուները:

Գյուղացիները նշում են, որ մի գեղեցիկ օր ջրալցման հետ կապված գյուղերը հոսանքազրկվելու են:

Արմեն Գեւորգյանին այս այցելության ընթացքում ուղեկցում են Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, ջրային ՏԿՆ տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Փոխվարչապետն իր ուղեկիցներին թողնելով Վայքում, շտապեց Երեւան, պատճառաբանելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնում է Հայաստանից եւ մինչ այդ պետք է հանդիպի նրան եւ որոշեն, թե որքան գումար պետք է հատկացվի տեղի ունեցած փլուզման խնդիրը լուծելու համար:

Մինչ այդ, Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցներն արդեն բանակցություններ են վարում Շատինի գյուղացիների հետ, որպեսզի ժամանակավոր ճանապարհը կառուցեն, մինչեւ հիմնական ճանապարհի վերականգնումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզում մայիսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, Շատին գյուղի գլխավոր ճանապարհին տեղի է ունեցել խոշոր փլուզում: Բարեբախտաբար, այդ ժամանակ նշված ճանապարհով, որը գյուղի գլխավոր ճանապարհն է եւ Շատինը կապում է մարզկենտրոնի հետ, մեքենաներ եւ հետիոտներ չեն անցել: Փլուզման հետեւանքով վնասվել եւ ձորում են հայտնվել էլեկտրասյուներն ու հաստաբուն ծառերը: Գյուղի ժողովուրդը տարակուսած է, թե երբ կվերացվի վթարը, քանի որ գյուղն, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհից:

Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյան

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի