Քաղբանտարկյալներ Հայաստանում այսուհետ եւս լինելու են, քանի որ 1995-ից հետո արդեն որերորդ ընտրությունն է ՝ պրակտիկան կրկնվում է։ Հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, քաղբանտարկյալներին ձերբակալելուց հետո իշխանությունը «մի աննախադեպ շոու է սկսում, թե ինքն այնքան մարդասեր է,որ ազատ է արձակում հանցագործներին»։

«Ժառանգությունն» ասել եւ ասելու է, որ քաղբանտարկյալների հարցը Հայաստանում իրականում չի լուծվել, լուծվել է հանիրավի անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակման հարցը։ Քաղբանտարկյալների խնդիրը լուծվում է այն դեպքում, երբ պետությունը պատժում է քաղաքական վճիռ կայացրած դատավորին կամ քննիչին, ով նման դատաքննություն է իրականացրել»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։

Անդրադառնալով երկրում առկա իրավիճակին՝ Ստեփան Սաֆարյանը կանախատեսեց, որ ներքաղաքական զարգացումները հետաքրքիր հանգրվանի են բերելու։ «Նախընտրական շրջանը ոչ պաշտոնապես, սակայն  արդեն մեկնարկել է, եւ այս պահին հատկանշական է, որ փորձ է արվում արհեստական շնչառություն տալ 2008-ին ձեւավորված շարժմանը, պահպանել դրա իներցիան»,- ակնարկեց պատգամավորը։

Նա նաեւ տեղին համարեց հիշեցնել, որ «Ժառանգությունը» չի խանդում եւ չի նախանձում քաղաքական ոչ մի ուժի, միայն հետամուտ է, որպեսզի այդ ուժերի համագործակցության արդյունքում հակաօրինական եւ հակաիրավական որոշումներ չկայացվեն։