Գյումրիի քաղաքապետարանն արձագանքել է NEWS.am-ի «Գյումրեցի ընտանիքը արդեն 20 օր է՝ ապրում է դրսում» հրապարակմանը, նշելով, որ այդ տանը բնակություն հաստատած Մարգո Նահապետյանին առաջարկվել է 400 հազար դրամ օժանդակություն, որը դիմողն ստացել է:
Գյումրիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Գյումրիի քաղաքապետարանին եւ անձամբ Վարդան Ղուկասյանին ուղղված մեղադրանքները առ այն, որ բնակիչների դիմում- բողոքները մնացել են անպատասխան, կեղծ են եւ իրականությանը չհամապատասխանող: Քաղաքապետը մշտապես աջակցել եւ աջակցում է տարբեր պատճառներով փլուզված, հրդեհված, վնասված տների բնակիչներին»:
Նշվում է նաեւ, որ պնդումը, թե քաղաքապետարանը 20 օր շարունակ ուշադրության չի արժանացրել դիմումատուի բողոքը, սխալ է, քանի որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից այդ տանը բնակություն հաստատած Մարգո Նահապետյանին առաջարկվել է 400 հազար դրամ օժանդակություն, որը դիմողն ստացել է:
«Իրականում Մ. Նահապետյանը որեւէ կապ չունի նշված տան հետ, այնտեղ գրանցված չէ: Տունը պատկանում է քրոջը` Լիդա Հովակիմյանին:
Տեղեկացնենք, որ որպես անօթեւան Մարգո Նահապետյանը նորակառույց Մուշ 2 թաղամասում ստացել է թիվ 8 շենքի, 50 բնակարանը եւ ըստ մեզ հասած տվյալների, վաճառել է այն, տեղափոխվելով քրոջը պատականող նշյալ տունը»,- ասված է Գյումրիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ արդեն 20 օր է` Գյումրիի Ղորղանյան-124 հասցեի բնակիչները ապրում են բաց երկնքի տակ: Նրանց տունը փլվել է, եւ մարդիկ արդեն 20 օր տնակի են սպասում: «Հասկանո՞ւմ եք, մենք դրսում ենք մնացել, գիշերելու տեղ չունենք, տանն առաջին կարգի հաշմանդամ կա, ծեր թոշակառուներ, միեւնույն է, ասում են սեփական բնակֆոնդից եք: Ի՞նչ է սա նշանակում, պառկենք մեռնե՞նք, որ փող չունենք»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր փլված տան բնակիչ Մարգո Նահապետյանը:
Նա դիմել է նաեւ Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներին, սակայն նրանց ոչ ոք չի ընդառաջել: «Ասում են, թե ապրում ենք քաղաքակիրթ երկրում, ասում են, թե քաղաքացին պաշտպանված է, իր երկրի տերը, բայց սուտ է, մարդն արժեք չունի: Ասում են` պառկի սաղ-սաղ թաղենք ձեզ, ուզում են, որ վերանանք, մեր նմաններն ապրելու իրավունք չունեն: Ուզածներս տնակ է, տնակ, բայց չեն տալիս, որքա՞ն կարելի է գիշերել բարեկամի մոտ կամ բակում»,-բողոքել է Մարգո Նահապետյանը:




























