Եթե իշխանությունը չարաշահի Հայ ազգային կոնգրեսին պատասխան տալու ժամկետները, հեղափոխական զարգացումներն անխուսափելի կդառնան Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 7-ին հայտարարեց ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Մենք այսօր փորձում ենք երկխոսության մեջ մտնել իշխանական բուրգի ճարտարապետի` Սերժ Սարգսյանի հետ եւ սպասում ենք նրա կոնկրետ պատասխանին` մեր առաջարկներին եւ մեր քայլերին»,-հայտարարեց Սարգսյանը` միաժամանակ հավելելով, որ հեղափոխական սցենարները կլինեն ժողովրդի կողմից պարտադրված: ՍԴՀԿ ատենապետի խոսքով, եթե իշխանությունը ուշացնի ընդդիմության հետ երկխոսություն սկսելու գործընթացը, ինչի նպատակով արդեն իսկ ՀԱԿ-ը պատվիրակություն է ձեւավորել, դա կնշանակի, որ իշխանությունը շահելու նպատակ է հետապնդում:
Այդ դեպքում ընդդիմությունը ստիպված կլինի ավելի կոշտացնել իր դիրքորոշումը` իշխանություններին ժողովրդի պարտադրանքի ներքո ստիպելով գնալ արտահերթ ընտրությունների: «Հասարակության դժգոհությունները կարող են այլեւս անվերահսկելի դառնալ, որոնք այսօր զսպվում են ՀԱԿ առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ»,-նշեց ընդդիմադիր գործիչը:
Անդրադառնալով ՀՀԿ-ական որոշ գուծիչների` ՀԱԿ պահանջների մասին վերջին հայտարարություններին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարություններն ընդամենը խուճապի դրսևորում են: «Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի դերում սպասում է՝ տեսնելու, թե ինչ է կատարվում իշխանական դաշտում: Սերժ Սարգսյանն այսօր լավ հասկանում է, որ եթե ինքն արագ արձագանքի ՀԱԿ-ին, իշխանական դաշտում խուճապը կարող է մեծանալ»,-նկատեց ՍԴՀԿ ատենապետը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Սերժ Սարսգյանը ստիպված է լինելու վաղ թե ուշ արձագանքել ՀԱԿ-ի` երկխոսությունը սկսելու առաջարկին: Որպես այդ առաջարկին արձագանքելու ողջամիտ ժամկետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց մեկ-երկու շաբաթ ժամանակը:




























