Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական եւ հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 7-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում Հովիկ Աբրահամյանն ասել է. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանպաստ ու հայապահպան գործունեությանը: Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների առկա բարձր մակարդակի ապահովման մեջ նշանակալի է նաեւ Ձեր անձնական դերակատարությունը»:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ  ՀՀ ԱԺ բարձրագույն պարգեւն իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններից բարերարի ստացած բարձր պարգեւների շարքում:

Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի եւ պարգեւի համար` Ալբեր Բոյաջյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս շարունակել մասնակցություն ունենալ հայրենիքի եւ հայ ժողովրդի հզորացմանն ուղղված ծրագրերին: