Շիրակի  մարզի Հովիտ եւ Մուսայելյան համայնքներում հունիսի 26-ին տեղի կունենան համայնքապետի ընտրություններ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հիմա ընթանում են ընտրական գործընթացի կազմակերպման աշխատանքները:

Թեժ մրցապայքար է  սպասվում Հովիտում, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 3  թեկնածու` անկուսակցական Ավետիք Սերոբյանը, անկուսակցական Վարդանիկ Խաչատրյանը եւ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Պետրոսյանը: Թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել  է եւ այսօրվանից Հովիտում մեկնարկում է թեկնածուների քարոզարշավը:

Իսկ ահա Մուսայելյան համայնքում առաջադրվել է միայն գործող գյուղապետ , ՀՀԿ-ական Կարեն Վարդանյանը: «Ընտրական գործընթացը կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան»,- վստահեցրել  է թիվ 33  ԸԸՀ նախագահ Մարզպետոնի Մարգարյանը:

Ըստ Մարգարյանի, ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում  ընտրություններն անցնում են հանգիստ ու անցնցում: Պատճառն այն է, որ ընտրողների թիվը քիչ է, հիմնականում մարդիկ ճանաչում են միմյանց:

«Գյուղական բնակավայրերում հանդիպում ընտրողների հետ, քարոզարշավային  այլ նշանակություն ունեցող միջոցառումներ որպես  այդպիսին տեղի չեն ունենում: Թեկնածուներին մարդիկ շատ լավ ճանաչում են, հետեւաբար  շատ լավ կողմնորոշվում են, թե ում ընտրել: Այդ տեսանկյունից, կարելի է ասել, որ գյուղական բնակավայրերում ընտրություններն ավելի դեմոկրատական են: Լցոնումներ, կամ մեկը մյուսի փոխարեն ընտրել հիմնականում չի պատահում»,-հավաստացրել է Մարզպետունի Մարգարյանը:

Նշենք, որ մարզի գյուղական բնակավայրերում համայնքապետները հիմնականում ՀՀԿ-ից են: Հետո հաջորդում է ՕԵԿ-ը: Կան նաեւ ԲՀԿ ներկայացուցիչներ, դաշնակցականներ, եւ միայն մեկ համայնքում` Կարմրաքարում գյուղապետը ՀՀՇ ներկայացուցիչ է: