Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Կրաշեն համայնքում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը վնասել է Կրաշենի հացահատիկային մշակաբույսերը, բանջարաբոստանային կուլտուրաները ու պտղատու այգիները: Համայնքում ուսումնասիրություններ են կատարել մարզի գյուղվարչության մասնագետներն ու նախնական եզրակացրել, թե գյուղն ու գյուղացիները կարկտահարությունից տուժել են 70 տոկոսով:
Հանձնաժողովը պատրաստվում է համապատասխան արձանագրություն կազմել ու ներկայացնել գյուղնախարարություն: Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ, մարզպետարանը միայն այդքանը կարող է անել, իսկ փոխհատուցում համայնքին կտրվի, թե` ոչ, առայժմ հայտնի չէ:
Ըստ Կրաշենի գյուղապետ Ժիրայր Իսկանդարյանի, այս տարի հացահատիկի բերքի հույս համայնքը չունի: «Հացահատիկի բերքի հույս այս տարի գյուղն այլեւս չունի, մշակաբույսերը վնասվել են 70 տոկոսով, այն վերականգնել հնարավոր չէ, այն լավագույն դեպքում անասնակեր կարող է ծառայել»,-ասել է Ժիրայր Իսկանդարյանը:
Համայնքն ունի 120 հեկտար հացահատիկային մշակաբույս, որից 100 հեկտարը կարկտից վնասվել է: Գարու եւ ցորենի արտերը մասնագետները ուսումնասիրել են ու հանգել այն եզրակացության, որ 30-40 տոկոսով տուժել են նաեւ գյուղի պտղատու այգիները, դրանց վերականգնում եւս, ըստ մասնագետների, հնարավոր չէ: Կազմվել է համապատասխան արձանագրություն, այն կներկայացվի գյուղնախարարություն, դրանով մարզի գյուղվարչությունն իր անելիքներն ավարտված է համարում: Իսկ փոխհատուցման ակնկալիք գյուղացիներն էլ չունեն:
Նշենք, որ Շիրակի մարզի Կրաշեն համայնքը չունի հակակարկտային կայան եւ հետագա հնարավոր կարկուտներից եւս համայնքը ապահովագրված չէ:




























