Շիրակի մարզից հիմա ավելի շատ արտագաղթում են երիտասարդները: Դա են ցույց տվել Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի վերջին ուսումնասիրությունները: Հայաստանն սկսել են լքել նաեւ բարձրագույն կրթություն ստացած, հայաստանյան տարբեր բուհերի այն շրջանավարտները, ովքեր մասնագետների կարծիքով, կարող էին մեր երկրում մեծ ներդրում ունենալ:

Շիրակի մարզի վիճակագրական վարչության տվյալներով, Շիրակի մարզում ինչպես տարեսզբին, այնպես էլ հիմա արտագաղթի բարձր ցուցանիշը պահպանվում է:

Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոն դիմում են ոչ միայն Գյումրիից, այլ նաեւ մարզի համայնքներից: «Փետրվար, մարտ ամիսների համեմատ ապրիլին ու  մայիսին կտրուկ ավելացել է երկրից հեռացող երիտասարդների թիվը: Հիմնականում պատճառաբանում են, թե տեղում աշխատանք չկա եւ որ հեռանկարներ այստեղ չեն տեսնում»,-ասել է Շիրակի մարզի միգրացիոն տեեկատվական կենտրոնի համակրգող Ալվարդ Մինասյանը:

Նրա ուսումնասիրություններով, եթե նախկինում միայն երիտասարդ տղաներն էին դրսում աշխատանք փնտրում ու ցանկացած հնարավորության դեպքում մեկնում Հայաստանից, հիմա այդ միտումը նկատելի է երիտասարդ աղջիկների շրջանում:

«Միգրացիոն հոսքերը մեծ են, արտագաղթում են նաեւ երիտասարդները, քանի որ մեր երկրում որեւէ հակամիգրացիոն քաղաքականություն չի գործում, մեր երիտասարդների վստահությունը դրսում աշխատելու եւ գործելու համար ավելի մեծ է, քան Հայաստանում»,-ներկայացնում են Շիրակի մարզի միգրացիոն կենտրոնի համակարգողները: