Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ եթե շահի «Գալա» հեռուսաընկերության դեմ դատը, գումարի կեսը կտա քաղաքի Ղորղանյան-124 հասցեի բնակիչներին: Նման հայտարարություն Վարդան Ղուկասյանն արել է այդ հասցեի բնակիչների ու քաղաքապետարանի աշխատակիցների առաջ: Խոսքն այն բնակիչների մասին է, ովքեր 20 օրից ավելի ապրել են բաց երկնքի տակ, քանի որ նրանց բնակարանի առաստաղը գիշերը` քնած ժամանակ փլվել է, ընտանիքի անդամներին թողնելով փայտե ծածկի տակ: 20 օրից ավելի տանտերերը գնացել-եկել են քաղաքապետարան, սակայն նրանց խնդրին լուծում չի տրվել: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրանց առաջարկել է սպասել, մինչեւ ավագանու նիստ գումարեն, իսկ հետո առաջարկել է 100 հազար դրամ, ինչից ընտանիքը հրաժարվել է:

Հունիսի 5-ին, մեր ունեցած տեղեկություններով, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հեռախոսով զանգահարել ու անձամբ խստորեն կարգադրել Ղուկասյանին զբաղվել այդ հարցով: Դրանից հետո Ղուկասյանը բնակիչներին հրավիրել է ու քաղաքապետարանի աշխատակիցների աչքի առաջ նրանց 400 հազար դրամ գումար է նվիրել, նաեւ առաջարկել է տեղափոխվել հանրակացարան:

Թեեւ Վարդան Ղուկասյանը կատարում է մարզպետի պահանջները, բայց վերջում չդիմանալով`տանտերեին ասում է. «Առեք էս գումարը, ես եմ տալիս, ես, ու խոստանում եմ, որ երբ որ «Գալայի» դատը շահենք, իրանց դատարանում կրենք, խոստանում եմ, որ գումարի հալալ կեսը 2 միլիոն դրամ տալու ենք, տարեք ձեր տունը սարքեք, գրանցեք Աստված ձեզ պահապան»:

Այս առնչությամբ, Գյումրիի քաղաքապետարանը NEWS.am-ին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ նշել է. «Գյումրիի քաղաքապետարանին եւ անձամբ Վարդան Ղուկասյանին ուղղված մեղադրանքները առ այն, որ բնակիչների  դիմում- բողոքները մնացել են անպատասխան, կեղծ են եւ  իրականությանը չհամապատասխանող: Քաղաքապետը մշտապես աջակցել եւ աջակցում է  տարբեր  պատճառներով  փլուզված, հրդեհված, վնասված տների բնակիչներին»: Նշվել է նաեւ, որ պնդումը, թե քաղաքապետարանը 20 օր շարունակ ուշադրության չի արժանացրել  դիմումատուի բողոքը, սխալ է, քանի որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից այդ տանը բնակություն հաստատած Մարգո Նահապետյանին առաջարկվել է  400 հազար  դրամ օժանդակություն, որը դիմողն ստացել է: