Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն երրորդ անգամ մասնակցել է աշխարհի ամենահին եւ խոշոր միջազգային կինոփառատոնին` Կաննի կինոշուկային, բայց այս տարի ներկայանալով ավելի նորովի, ինչպես արտաքին ձեւավորմամբ, այնպես էլ պատրաստված նյութերի բովանդակությամբ եւ դիզայանով: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: 9 քմ տարածք ունեցող տաղավարում հիմնականում ներկայացված էին 2009-2010թթ արտադրված հայկական ֆիլմերի կատալոգը, տեղեկատվական նյութեր, այդ թվում` բուկլետներ, ուղեցույցներ, բացիկներ եւ այլն:
Գեւորգ Գեւորգյանի խոսքով` Կաննի կինոշուկան հնարավորություն է ընձեռում ֆիլմարտադրության ոլորտում նոր գործընկերներ գտնելուն, հայկական ֆիլմերը համաշխարհային ճամաչմանը խրախուսելուն: «Կինոկենտրոնի խնդիրը չէ պայմանագրեր կնքել ֆիլմերի համար, այլ պետության կողմից ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի Հայաստանում գործող պրոդյուսերները հնարավարություն ունենան շփվելու աշխարհում գործող տարբեր կառույցների հետ եւ իրենց ֆիլմերի համար պայմանավորվածություններ ձեռք բերել»,- ասաց նա:
2011թ Կաննի կինոշուկայի տասն օրերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ ստորագրվել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիոն պայմանագիրը` 5 տարի ժամկետով ֆրանսիական «Ինսոմնիա վորլդսեյլզ» ընկերության հետ: Նախաստորագրվել են երկու համատեղ համագործակցության պայմանագրեր` չեխական «Բարանդով» եւ ուկրաինական «Ինտերֆիլմ Պրոդաքշոն» ստուդիաների եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջեւ: Գեւորգ Գեորգյանը նշեց, որ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերվել նաեւ համատեղ կինոարտադրության շուրջ, ինչպես նաեւ հայկական ֆիմերը Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում տարածելու համար:




























