Թեղուտի պաշտպանության խումբը Հայաստանի իշխանություններին է ներկայացրել շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ կազմակերպված հավաքի մասնակիցների պահանջները: Պահանջները նաեւ հեգնական են, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

1. Բացառիկ գերակա հանրային շահ սահմանելով` բացել ՀՀ նախագահի նստավայրի դեռեւս խորհրդային ժամանակահատվածում հայտնաբերված ոսկու հանքավայրը, որով կլուծվի ինչպես ոսկու պետական պահուստային պաշարների վերականգնման խնդիրը, այնպես էլ` Հանրապետության հրապարակում Կառավարական տան վրա կառուցվելիք թմբուկի ոսկեզօծման հարցը: 

2. Բացառությամբ մեկ ծառի, կտրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանական համալիրի հարակից պուրակի բոլոր ծառերը եւ տարածքը բարեկարգել` կազմակերպելով ավտոկայանատեղի արտասահմանյան մակնիշի մեքենաների համար` նախապատվությունը տալով «Բենթլի» մակնիշի մեքենաներին:

3. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանական համալիրում պահպանված միակ ծառից կախաղան բարձրացնել ՀՀ ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակի հավաքարար Վալերիա Տեր-Մեժլումյանին եւ ՀՀ Կառավարական տան  անվտանգության աշխատակից Միլիոն Վարչապետյանին: Այս քաղաքացիները մեղադրվում են նրանում, որ իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն, սողոսկել են նշված հանձնաժողովի նախագահի համակարգիչ, եւ «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների հետ շփվելու ու բուլկի ուտելու ընդմիջումներում փոփոխություններ կատարել օրենքների նախագծերում` ավելացնելով հանքարդյունաբերողների վրա դրված հարկերը:

4. Ռացիոնալ հողօգտագործման քաղաքականության շրջանակներում չորացնել  Սեւանա լիճը եւ տարածքն օգտագործել երկրի քաղաքական էլիտայի համար բարենպաստ բիզնես միջավայր ձեւավորելու նպատակով` ավելացնելով կազինոների, պոռնկատների եւ այլ զվարճանքի վայրերի խտությունը:  

5. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները տրամադրել ՀՀ վաստակավոր թոշակառու Ռոբերտ Քոչարյանին` Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական զբոսաշրջությունը, մասնավորապես` Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը զարգացնելու նպատակով:

6. Պետական բյուջեից բավարար միջոցներ հատկացնել սփյուռքի նախարարությանը Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար իրականացնելու «Շուտ արա` արի բուն» ծրագիրը:

7. Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանին տրված հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից, Հայաստանի մնացած անտառները կտրել, դրանց տեղերում կառուցել պատգամավորների ծնողների ու զավակների անուններով եկեղեցիներ, ինչպես նաեւ` գիշերային ակումբներ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար:

8. Հայաստանի բոլոր 14 եւ առաջիկայում նախատեսվող պոչամբարների շուրջը կառուցել էլիտար, ռուսալեզու, միջազգային չափանիշներին համապատասխանող մանկապարեզներ ու դպրոցներ, որոնց սպասարկումը կազմակերպել մետաղներով եւ վիտամիններով հարստացված տեղական հումքի հիման վրա: Բուն պոչամբարների տարածքում կազմակերպել ռեկրեացիոն գոտի` խթանելու միջազգային համագործակցությունը մասնավորապես ռուսական, չինական, հնդկական եւ օֆշորային գոտիների հանքակրթական կենտրոնների հետ:

9. Ատոմակայանի օգտագործած ուրանից մնացած մասունքներն օգտագործել որպես պարարտանյութ Արարատյան դաշտի այգիների համար` նախապատվությունը տալով հայկական կոնյակի համար արտադրվող խաղողի այգիներին: 

10. Թունաքիմիկատների գերեզմանոցները հայտարարել բնության հատուկ պահպանվող տարածքներ` դրանց բարեկարգման աշխատանքները հանձնարարելով ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հովանավորվող  ընկերություններին եւ կատարելով զգալի ֆինանսական հատկացումներ պետական բյուջեից:

11. Հայաստանի գետերի արտահոսքը դեպի թշնամական երկրներ թույլատրելու փոխարեն հայկական լեռնաշխարհի քաղցրահամ սառնորակ ջուրը մատակարարել հանքարդյունաբերության, ձկնաբուծության եւ հիդրոէներգետիկայի զարգացման աննախադեպ տեմպեր ապահովող հայրենի օլիգարխներին:

12. Ապահովել առողջ սնունդ օլիգարխների անձնական գազանանոցների կենդանիների համար: Հաշվի առնելով մեր երկրում արագորեն տարածվող անապատացման գործընթացները եւ անապատա-տափաստանային կենդանիների ներկրման բիզնեսի զարգացման հեռանկարները, օլիգարխների տնային վագրերի ու առյուծների սննդակարգում էշերին փոխարինել մասնավորապես Դեր Զորի անապատի ուղտերով:

13. Անարգանքի սյունին գամել Հայաստանի աղբը մշտապես երկրի սահմաններից դուրս տանող` էկոլոգիական խնդիրներով կեղծ մտահոգություն արտահայտող գրանտակեր ՀԿ-ների ղեկավարներին, անդամներին եւ կամավորներին:

14. Դադարեցնել Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում իրականացվող անկանոն կանաչապատումը եւ անիմաստ հողօգտագործումը: Նախագծային աշխատանքները կենտրոնացնել մեկ մարմնում եւ հանձնարարել Ամենայն Հայոց Ճարտարապետ Ճ.Ճ. Նապոլեոն Սարգսյանի հայեցողությանը:

15. Ապահովել, որ յուրաքանչյուր հայ բարձրաստիճան պաշտոնյա իր կյանքում կարողանալ անել երեք բան.
ա/ կտրել իր տան առջեւի, փողոցի եւ հարեւանի դռան առջեւի ծառերը.
բ/ քանդել հարյուր տուն եւ կառուցել մեկ կազինո` հիմք ընդունելով բացառիկ գերակա հանրային շահը.
գ/ բացել երեք հանքավայր` գյուղատնտեսական հողերից զրկելով առնվազն 50 տնտեսություն.
դ/ հիմնել չորս ձկնաբուծարան` ցամաքեցնելով արտեզյան ջրերի աղբյուրները եւ ջրազրկելով առնվազն 3 գյուղական համայնք.
ե/ պահել տասը թիկնապահ` յուրաքանչյուրին նվիրելով հանրային կանաչ տարածքում առնվազն մեկ սրճարան
զ/ տալ անդաստիարակ ու հանցագործ սերունդ` ապահովելով նրա բարեկեցությունը ու գրանցելով հազարավոր դոլարների հասնող սեփականություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: