Հայաստանյան դեղագործական ընկերությունները 2012 թ. հունվարի 1-ից ամբողջությամբ կանցնեն GMP Ստանդարտներին (Պատշաճ արտադրական գործունեություն)։ Այդ մասին այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը: Նա հիշեցրեց, որ դեղագործների խնդրանքով Հայաստանի կառավարությունը 1 տարով հետաձգել էր նոր ստանդարտների կիրառումը: Ս. Զաքարյանի խոսքով` դեղագործական ընկերություններից մի քանիսն արդեն պատրաստ են հայտ ներկայացնել` համապատասխան հավաստագրեր ստանալու համար: Մյուսներն, ըստ Ս. Զաքարյանի տեղեկությունների, պատրաստ կլինեն տարեվերջում:
Միայն GMP sտանդարտների ներդրման դեպքում հայկական արտադրության դեղերը կարող են արտահանվել Եվրոպա կամ ԱՄՆ:
Ավելին`Ռուսաստանը եւ ԱՊՀ այլ պետություններ պատրաստվում են օրենսդրորեն արգելել GMP ստանդարտներին չհամապատասխանող դեղերի ներկրումը։
Ըստ ԴԱՆ տվյալների (աղբյուր` «Ֆարմա» ամսագիր) Հայաստանում ներկայում գործում են 14 դեղագործական ընկերություններ, որոնց արտադրանքի կեսն արտահանվում է (ամենաշատը` Վրաստան եւ Ռուսաստան):
Դեղագործական արտադրանքի ծավալը 2009 թ. կազմել է 5 մլն դոլար: Հայկական դեղերի մասնաբաժինը տեղական շուկայում 8-10 տոկոս է: Դեղագործությունն այն փոքրաթիվ ճյուղերից է, որ նույնիսկ ճգնաժամային 2009-ին ոչ մեծ աճ արձանագրեց` 2.8 տոկոս: Վերջին 5 տարիներին դեղագործությունն աճում է միջինը տարեկան 5 տոկոսով:


























