Համարյա բոլոր դեղերի վրա գրված է` պահել զով եւ մութ պայմաններում: Ամռան շոգերն արդեն սկսել են, սակայն որքանո՞վ են հայկական դեղատները դեղերի պատշաճ պահպանություն իրականացնում: Դեղատներից շատերը չունեն օդափոխիչներ եւ սառնարաններ, կամ էլ հայտնի չէ` սառնարանն ինչ կերպ է օգտագործվում:
Մեր քաղաքացիները երբեմն ստիպված են լինում շատ թանկ դեղեր գնել, որոնք սակայն ամիսներով մնում են դեղատների դարակներում` ենթարկվելով լույսի կամ ջերմության ազդեցությանը` կորցնելով իրենց օգտակար հատկությունների մի մասը:
Դեղագործական «Ջի Էքս Փի» Գերազանցության Կենտրոնի ղեկավար Արամ Ղազարյանի խոսքով, Հայաստանում մշակվում է նոր օրենք` Դեղերի պատշաճ բաշխման ստանդարտներ ներդնելու համար: Օրենքի նախագիծը ներկայացված է առողջապահության նախարարությանը, շուտով կներկայացվի կառավարության հավանությանը: Նոր ստանդարտներով կապահովվի արտադրությունից մինչեւ սպառող շղթայում դեղերի պատշաճ պահպանությունը: Հստակ կսահմանվեն պահանջներ նաեւ դեղատների նկատմամբ, ինչպես նաեւ` այդ ստանդարտները չպահպանելու դեպքում պատասխանատվության չափերը:



























