Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը պատրաստվում է դիմել դատախազություն ՝ պատիվ պահանջելով այն մարդկանցից, ովքեր վարկաբեկել են իրեն, համալսարանը եւ համալսարանի տնօրինությանը: Հունիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը։
Նա, սակայն, չկոնկրետացրեց, թե ում դեմ է բողոքելու, քանի որ վարկաբեկողներն «ամեն բան անում են գաղտնիության սկզբունքով»։
«Կոնկրետ անուններ չեմ կարող նշել, որովհետեւ չկա նրանցից որեւէ մեկի ստորագրությունը։ Սակայն այս ամենը կատարվում է 4-5 դասախոսների կողմից։ Երկու բան կա. մի կողմից կան անանուն նամակներ, մյուս կողմից՝ կա այդ դասախոսների կողմից կազմված ասոցիացիան։ Եթե կարողանանք դասախոսների դեմ ստորագրություններ հավաքել, ուրեմն հայց կներկայացնենք նրանց դեմ, իսկ եթե ոչ՝ կդիմենք համապատասխան մարմիններին, որպեսզի այդ մարմինները զբաղվեն գործի քննությամբ»,- ասաց Ժոել լը Մորզելեկը։
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը նաեւ հիշեցրեց, որ այդ դասախոսներն աշխատանքից ազատվել են իրենց աշխատանաքային պայմանագրրի ժամկետներն ավարտված լինելու հետեւանքով։ «Ես հարգում եմ Ֆրանսիական համալսարանի գործով դատարանի կայացրած որոշումը, սակայն դատապաշտպաններիս հետ գործընթացում որոշ բացթողումներ ենք հայտնաբերել։ Մասնավորապես, այդ դասախոսները դատարան կեղծ փաստաթղթեր են ներկայացրել։ Ես այս մասին փաստարկներ ունեմ, եւ դրա համար էլ դիմելու եմ վերաքննիչ դատարան»,- ասաց ռեկտորը՝ չբացառելով, որ այդ դասախոսները, դատական գործընթացի ավարտից հետո, հնարավոր է, վերաանգնվեն աշխատանքի։
Ամփոփելով՝ Մորզելեկը հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Ֆրանսիական համալսարանում ընդունելության եւ ավարտական քննությունների նվազագույն շեմերն իջեցվել են։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, համաձայն որոնց համալսարանում ավարտական քննությունների նվազագույն շեմերն իջեցվել են, որպեսզի բուհը կարողանա ավարտել Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի քույրը։
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2010 թվականի օգոստոսի սկզբին աշխատանքից ազատված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքին վերականգնվելու պահանջով դիմել էին դատարան:
Նրանք պահանջում են կատարել համալսարանի կողմից չվճարված արձակուրդայիններն ու հարկադիր պարապուրդի համար վճարումները, բացի այդ համարում, որ իրենց հեռացումը կամայականություն է: Դատարանն ի օգուտ հեռացված դասախոսների վճիռ է կայացրել:




























