Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը պնդում է, որ ինքը վիճաբանության ժամանակ չի հայհոյել եւ չի հարվածել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին: Հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը Նավոյանը։

«Շրջանավարտին ծեծի ենթարկելու մասին լուրերն ուղղված են ինչ-որ բան հրահրելուն։ Բայց ամեն ինչ ավարտված է, քանի որ ես երիտասարդի հետ որեւէ խնդիր չունեմ։ Նա իր վատ պահվածքի համար արդեն ներողություն է խնդրել եւ մենք նրա հետ բաժանվել ենք ձեռք ձեռքի տված։ Այս ամենից մի կաթիլ մեղրի պատմություն սարքելը ձեռնտու չէ ոչ Ֆրանսիական համալսարանին, ոչ էլ Սոկրատ Մխիթարյանին։ Այդ է պատճառը, որ ես ձեռնպահ եմ մնում այս պատմության մասին որեւէ բան ասելուց։ Ուղղակի ասում եմ, որ եթե կա մեկը, ով մտածում է, որ այդ միջադեպի ընթացքում որեւէ մեկը տուժել է, թող դիմի դատարան»,- ասաց Նավոյանը։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիական համալսարանի ուսանողներն իրեն չեն սիրում, պրոռեկտոր Արայիկ Նավոյանը համոզմունք հայտնեց, որ դա իր խսապահանջության հետեւանքն է։

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկն իր հերթին տարակուսանք հայտնեց, որ տղայի ծեծի մասին խոսակցությունները դեռեւս չեն դադարել։ «Կարծում էի՝  նրա ներողություն խնդրելուց հետո թեման կփակվի, բայց՝ ոչ»,- զարմացավ նա։

Նշենք, որ մամուլում ավելի վաղ հայտնված լուրերի համաձայն, Նավոյանը եւ Մխիթարյանը վիճաբանել էին։ Վիճաբանության ժամանակ Նավոյանը վիրավորել էր բուհի շրջանավարտին եւ հարվածներ հասցրել նրան։