«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը քաղաքացիների ընդունելության ժամանակ հանդիպել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 85-ամյա մասնակից Հարություն Թադեւոսյանին, ում Կոտայքի մարզպետարանը մերժում է օրական 150 դրամանոց բժշկական բինտով եւ բամբակով ապահովել, ինչը նախկինում տրամադրում էր: Այդ առնչությամբ պատգամավորը նամակ է հղել ՀՀ վարչապետին, որում մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 8-ին, որպես Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիների ընդունելության ժամանակ մեզ դիմեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 92 տան բնակիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից 85-ամյա Հարություն Թադեւոսյանը:

Պատկառելի անձնավորության բանավոր հայտարարության համաձայն` իր խնդիրը կայանում էր նրանում, որ Կոտայքի մարզի առողջապահության վարչությունը մայիսի 10-ից մերժում է օրական 150 դրամանոց բժշկական բինտով եւ բամբակով ապահովել, ինչը մինչ այդ տրամադրում էին:

Իհարկե, այսօր մայիսի 9-ը չէ, որպեսզի բոլոր պաշտոնյաները, ներառյալ Կոտայքի մարզպետը հեռուստատեսությամբ վերամբարձ խոսքերով մեծարեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ մնացած մեր հայրենակիցներին, իսկ, երբ բանը հասնում է գործին, իրենց անհոգի վերաբերմունքով ստիպում են ծանր վիրահատություն տարած ու հիվանդ 85 տարեկան մարդուն Եղվարդից հասնել Երեւան` օրական 150 դրամանոց բժշկական բինտ ու բամբակ խնդրելու:

Երբ լսեցի բողոքը, ներողություն խնդրեցի բոլոր այն պաշտոնյաների փոխարեն, ում անբարոյական վերաբերմունքին է արժանացել մեր հայրենակիցը: Նման նկարագիր ունեցող պաշտոնյաներն առաջին հերթին հեղինակազրկում են այն կուսակցությունը, որին անդամակցում ու ներկյացնում են:

Այս փաստի հետ կապված ակնկալում եմ Կոտայքի մարզային իշխանության գործունեության վերաբերյալ Ձեր հրապարակային գնահատականը:

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգե օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10 օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչպես է լուծվելու 85-ամյա Հարություն Թադեւոսյանի օրական 150 դրամանոց մեկ բժշկական բինտ եւ բամբակ ստանալու խնդրանքը` վիրահատությունից հետո կոկորդի բաց անցքի վիրակապը օրական երկու անգամ փոխելու համար»: