Տեխասում մի շարք դպրոցների գործունեությունը ստիպել է կասկածել, որ ամերիկացի հարկատուների դոլարներն օգտագործվում են Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական շարժման շահերի համար: Այդ մասին գրում է «The New York Times»-ը:

Ընդամենը մեկ ամսվա կյանք ունեցող «TDM Contracting» ընկերությունը շահել է պետության ֆինանսավորմամբ անցած աշնանը Սան Անտոնիոյում բացված «Harmony School of Innovation» «կանոնադրական» դպրոցի շինարարության 8,2 միլիոն դոլարանոց պատվերը:

Դա «կանոնադրական» դպրոցի հետ վեց խոշոր պատվերներից մեկն է, որ TDM-ն ու մյուս նոր ընկերությունը ստացել են 2009թ. հունվարից` ընդհանուր առմամբ 50 միլիոն դոլարի: Պատվերների համար պայքարող մյուս ընկերություններին զարմացնում է նոր ընկերության այդքան արագ ունեցած հաջողությունները:

Գաղտնիքը «կանոնադրական» դպրոցի օպերատոր հանդիսացող «Կոսմոս» հիմնադրամի  սրընթաց վերելքն ու ֆինանսական ազդեցությունն է: Հիմնադրամը 10 տարի առաջ հիմնել է Թուրքիայի պրոֆեսորների եւ գործարարների խումբը: Գործելով «Harmony Schools» անվան տակ «Կոսմոսը» շատ արագ դարձավ Տեխաս նահանգի 33 դպրոցների օպերատորը եւ մեկ տարում ստացավ հարկատուների միջոցներից գոյացած ավելի քան 100 միլիոն դոլար:
Զբաղվելով Տեխասի աշակերտների կրթությամբ` խումբը նաեւ սնում էր թուրք ներգաղթյալների ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ցանցը: Ձեռնարկությունների մեջ են ոչ միայն TDM-ի նման խոշոր կապալառուները, այլեւ դպրոցական ճաշեր, համազգեստ, հետդպրոցական ծրագրեր վաճառող ավելի փոքր ընկերություններ:

Դպրոցների հիմնադիրներից եւ օպերատորներից մի քանիսը իսլամի չափավոր ուղղություններից մեկի խարիզմատիկ քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետեւորդներն են, որոնք ամբողջ աշխարհում ստեղծել նրա անունը կրող կրոնական, սոցիալական եւ ազգայնական շարժումը:

Տեխասի «Harmony Schools» դրոցներում «The New York Times»-ի անցկացրած ուսումնասիրությունները բացահայտում են, թե ինչպես են այդ դպրոցները ծախսում պետական փողերը: Պարբերականը կասկածներ ունի, որ ի վերջո, այդ գումարներն օգտագործվում են ի շահ Գյուլենի շարժման` պատվերներ տալով Գյուլենի հետեւորդներին, կամ Գյուլենի ուսմունքն ու թուրքական մշակույթ քարոզող տեղական հիմնադրամների ֆինանսական մեխանիզմների միջոցով:

Տվյալները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր վերջին շինարարություններն ու նորոգման աշխատանքները կատարել են թուրք կապալառուները: Մի քանի տեղական ընկերություններ հայտարարել են, որ իրենք պատվեր չեն շահել նույնիսկ մի քանի հարյուր հազար դոլար քիչ առաջարկով:

Տեխասում «Harmony»-ի դպրոցներն ունեն ավելի քան 16 հազար աշակերտ: Ութ դպրոցներ բացվել են անցած տարի: Հարյուրավոր թուրք ուսուցիչներ եւ վարչական պաշտոնյաներ աշխատում են հատուկ վիզաներով: Այդ մասին քննարկումը ծավալվել է ամբողջ ԱՄՆ-ում:

Դպրոցները բացատրում են, թե օտարերկրյա դասավանդողների են հրավիրում, քանի որ մաթեմատիկայի եւ բնական գիտությունների բարձր որակավորում ունեցող ամերիկացի մասնագետներ չկան: Տեխասում «Harmony schools»-ի 1500 աշխատակիցներից 292-ը աշխատում են «H-1B» հատուկ վիզայով, որոնք նախատեսված են բարձր որակավորմամբ օտարերկրյա աշխատողների համար:

Սակայն որոշ ուսուցիչներ եւ նրանց միությունները, նաեւ ներգաղթի փորձագետները վստահ չեն, թե դպրոցները համառորեն փնտրել են ամերիկացի աշխատողների: Նրանց խոսքով, կան միջոցներ, որոնք թույլ են ԱՄՆ-ը բերել սովորական որակավորում ունեցող աշխատողների, իսկ նրանք զբաղեցնում են ամերիկացիների տեղը: