Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրակարգում նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 8-ին  կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Հանդիպումից հետո ՀՀ կառավարության ղեկավարը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրներ: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Տիգրան Սարգսյանի եւ Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվել է, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ, եւ որոնք են փոխգործակցության զարգացման առումով Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճյուղերը: Հատկապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտները: Կարեւորվել է զբոսաշրջության բնագավառում ավստրիական ընկերությունների, օպերատորների փորձը կիրառելու հարցը, Հայաստանում Եվրամիությունից, մասնավորապես Ավստրիայից ներգնա տուրիզմը զարգացնելու հեռանկարները:

Ավստրիայի վարչապետը հետաքրքրվել է տնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ ֆինանսական հատվածում ավստրիական կապիտալի մասնակցության խնդիրներով: «Մենք գիտենք, որ Ավստրիան ունի առեւտրային բանկերի կապիտալում մասնակցության փորձ եւ նրանց առաջարկել ենք մասնակցել հայկական բանկերի կապիտալում, ինչպես նաեւ ներդրումային հիմնադրամների ստեղծման գործում: 2012թ. կգործեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամները, 2014թ.` պարտադիր կուտակային հիմնադրամները, իսկ դա նշանակում է, որ առաջատար ֆինանսական ընկերությունները նույնպես մեծ հետաքրքրություն կունենան Հայաստանում աշխատելու գործում»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Հայաստանի եւ Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վերներ Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով ու տարածաշրջանային խնդիրներով:

Այցի ընթացքում նախատեսված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը նաեւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ավստրիայում ՀՀ դեսպանատուն, այնուհետեւ պատասխանել է լրագրողների հարցերին: