Արտաշատի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվել է գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:  Նա արդեն չորրոդ անգամ է, ինչ առաջադրվում է քաղաքապետի պաշտոնում եւ հույս ունի այս անգամ էլ ստանձնել Արտաշատի կառավարման ղեկը: NEWS.am-ը զրուցել է Մուրադյանի հետ:

Պարոն Մուրադյան, ինչո՞ւ եք ուզում չորրորդ անգամ դառնալ Արտաշատի քաղաքապետ: Ի՞նչ է, երեք տարում չկարողացա՞ք լուծել քաղաքի խնդիրները: 

Քաղաքապետ եմ ուզում դառնալ, քանի որ քաղաքի հետ կապված լուրջ ծրագրեր ունեմ իրականացնելու: Մասնվորապես` քաղաքի ասֆալտապատում,  բարեկարգում, փողոցների լուսավորում, տանիքների եւ նկուղների վերանորոգում եւ այլն: Իմ պաշտոնավարման նախորդ տարիների ընթացքում կյանքի եմ կոչել իմ ծրագրերի մի մասը միայն, այնքանով, որքանով դա հնարավոր է եղել:

Ձեզ չի մտահոգո՞ւմ այն հանգամանքը, որ այս անգամ ձեր պաշտոնին տիրանալու համար առաջադրվել են լուրջ մրցակիցներ, մասնավորապես` ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, ով, ըստ լուրերի, իշխանության բարձր ատյանների հովանավորությունն է վայելում:

(Զարմացավ-NEWS.am) Ճիշտն ասած` ես չգիտեի, որ նա առաջադրվել է….Բայց դե ինչ արած, պայքար է, ժողովուրդը կորոշի, թե ով պետք է շարունակի Արտաշատի վերակառուցման գործը:

Իսկ Ձեզ չի կաշկանդո՞ւմ այն, որ Վարդան Մնացականյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ խնամիական կապեր ունի:

(Ծիծաղում է-NEWS.am) Չէ~, չէ~, ինչի պիտի մտահոգի, նորմալ եմ վերաբերում, քանի որ ժողովուրդն է ընտրություն կատարողը:

Արդեն հայտնի է, թե Ձեզ ով է սատարելու այս ընտրություններում: Ըստ լուրերի,  Ձեզ նախորդ ընտրություններում սատարել են մարզի նախկին ղեկավարները, մասնավորապես` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրանք այս անգամ էլ են սատարելո՞ւ Ձեզ, որպեսզի վերընտրվեք:

Ես ՀՀԿ անդամ եմ, ՀՀԿ քաղաքային կազմակերպության նախագահն եմ: Դե…ուրիշ հովանավորների մասին բան ասել չեմ կարող: Կրկնում եմ`ժողովուրդն է որոշելու, ում որ ձայն տվեց, նա էլ կընտրվի:   

Պարոն Մուրադյան, NEWS.am-ին են դիմել մի խումբ արտաշատցիներ ու պնդում էին, թե Արտաշատի մի շարք փողոցներում, մասնավորապես` Թումանյան, Աթարբեկյան փողոցներն այս օրերին քանդված վիճակում են: Ի՞նչն է պատճառը: Որոշել եք ընտրություններից  առաջ ասֆալտապատե՞լ: 

Անցյալ տարի լուծեցինք քաղաքի ջրի խնդիրը: Տարիներ շարունակ քաղաքի բազմաբնակարան շենքերը սնվում էին մասնավորապես արտեզյան ջրերի հորերից: Անցյալ տարի կարողացանք ամբողջ քաղաքը ապահովել Գառնիի ջրով, ինչի նպատակով ամբողջ քաղաքի ջրագծերը փոխվեցին: Բնականաբար ճանապարհները քանդվեցին, իսկ ներկայումս ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ճանապարհները հարթեցվում են, որպեսզի հետագայում կարողանանք ասֆալտապատել: Այս գործընթացը նախըտրական քաչոզչության հետ կապ չունի, դա վաղուց նախատեսված ծրագիր է, եւ բացի այդ էլ` քարոզարշավը դեռ չի սկսել:

Իսկ ի՞նչ նախընտրական կարգախոսով եք մասնակցելու ընտրություններին: Ենթադրաբար` զիլ կարգախոս պետք է ընտրեք, որ քաղաքացիներին կարողանա գրավել:

Զիլ կարգախոսով էլ պիտի մասնակցեմ: Ամենազիլ կարգախոսը այն է, թե ինչ գործեր ես կատարել: Այս անգամ էլ է լինելու նույն կերպ` ինչ խոստանամ, դա էլ կատարելու եմ:

Իսկ եթե Ձեր բախտն այս անգամ չբերի եւ քաղաքապետ չդառնաք, ի՞նչ կանեք:

Կտխրեմ, իհարկե: Իմ քաղաքն ինձ համար շատ հարազատ է, լուրջ ծրագրեր ունեմ, որոնք ժողովրդի օգնությամբ ուզում եմ ավարտին հասցնել:

 

Զրուցեց Ելենա Գեւորգյանը