Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ստում է, թե նույն համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանն իրենից ներողություն է խնդրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սոկրատ Մխիթարյանը:

«Համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը սուտ է ասում, որ չի հայհոյել ինձ, երկրորդ՝ սուտ է ասում, թե չի հարվածել, երրորդ, սուտ է ասում, որ ես իրենից ներողություն եմ խնդրել եւ չորրորդ՝ ստում է, որ տեսախցիկներն այդ պահին չեն աշխատել»,- հայտարարեց Սոկրատ Մխիթարյանը։

«Կրկնում եմ, ես Նավոյանից «վատ պահվածքի» համար ներողություն չեմ խնդրել։ Ուղղակի տեսնելով, որ Նավոյանը համառում է, եւ նրան որեւէ բան չեմ կարող հասկացնել, հաշտվողական տոնով դուրս եկա նրա մոտից՝ հույս ունենալով, որ վերջինս կհասկանա իր արարքը եւ որ չարժե կրքերը թեժացնել»,- շեշտեց Սոկրատ Մխիթարյանը։

Նա նաեւ չբացառեց, որ Արայիկ Նավոյանի կողմից հրապարակային ներողություն չստանալու դեպքում ինքը վերջինիս դեմ հայցով կդիմի դատարան։ «Երբեք մի ասա երբեք տարբերակով, հնարավոր է եւ դիմեմ դատարան։ Մինչեւ հիմա ամեն բան արել եմ չպախարակելու համալսարանի՝ առանց այդ էլ պախարակված անունը։ Բայց կրկնում եմ, ոչ մի բան չեմ բացառում»,- ամփոփեց Մխիթարյանը՝ հիշեցնելով, որ բուհի շրջանավարտների ասոցիացիան Նավոյանի հրաժարականի նպատակով  ստորագրահավաք է սկսել։ Արդեն ստորագրել է 150-ից ավել մարդ, որոնց 60 տոկոսը՝ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ, 35 տոկոսը՝ բուհում ներկայումս սովորող ուսանողներ եւ 5 տոկոսը՝ դասախոսներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիական համալսարանում մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին:

Երեկ, հունիսի 8-ին Արայիկ Նավոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ինքը վիճաբանության ժամանակ չի հայհոյել եւ չի հարվածել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին, ավելին, երիտասարդը վատ պահվածքի համար ներողություն է խնդրել իրենից եւ իրենք միմյանցից բաժանվել են «ձեռք ձեռքի տված» եւ հաշտված: