«Կասկած չկա, որ իշխանությունը առաջիկա խորհրդարանական ընտրությանը գնալու է ոչ միայն իր` այսպես ասած ՀՀԿ ցուցակով, այլ նաեւ հարակից, «ուղեկցող» կամ «սպասարկող» ցուցակներով»,-գրում է «Ժամանակ» օարթերթը` հավելելով.

«Թե ինչպիսին կլինեն դրանք` ներկայումս դժվար է միարժեք ասել, բայց երեւի թե կասկած չկա, որ կլինեն: Բանն այն է, որ ներկայումս իշխանությունը, իսկ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանը, հայտնվել է որոշակիորեն աննախադեպ իրավիճակում: Նա, մի կողմից, փորձում է սեթեւեթել հասարակության հետ, ցույց տալ, թե իբր փոխվել է, սկսել է իր գործողությունների հիմք համարել քաղաքացու շահը, համարել, որ մարդն է ամեն ինչից վեր, որ ուժեղ քաղաքացին է ուժեղ պետության երաշխիքը, որ պետությունը հիմնվում է գիտելիքի եւ ինտելեկտի բազայով օժտված մասնագետների եւ գործիչների վրա:

Մյուս կողմից` իշխանությունը խնդիր ունի, այսպես ասած, «չխրտնեցնել» իր այն հսկայական, կարելի է նույնիսկ ասել` հիմնական մասին, որը «քաղաքացի» հասկացության, գիտելիքի եւ ինտելեկտի հետ ոչ միայն կապ չունի, այլ այդ ամենի մեջ տեսնում է իր համար կենսական վտանգ, գոյաբանական սպառնալիք, մարտահրավեր: Այդ տեսակը կազմում է իշխանության ներկայիս իրական հիմքը, կազմել է այդ հիմքը ավելի քան մեկուկես տասնամյակ: Եթե այդ տեսակը ցնցվի, ապա ցնցվելու է իշխանությունը»: