Սնկանման հանածոները, որոնք հայտնաբերել են հետազոտողները Չինաստանից եւ ԱՄՆ-ից, սնկերի ամենահին հետքերից մեկն են. դրանք մոտ 635 միլիոն տարեկան են, հայտնում է Planet-today-ը` վկայակոչելով Nature Communications-ը:

Սնկերը, ըստ գիտնականների, առաջին բարդ կենդանի օրգանիզմներից էին, ուստի հնագույն պարզունակ սնկերի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի ծագումը հասկանալու համար: Սնկանման հանածոները, որոնք հայտնաբերել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Ցինցինատիի համալսարանի գիտաշխատողները, կարելի է հնագույն սնկերի հետքեր համարել:

Խոսքը թելանման ստրուկտուրաների մասին է, որոնք պահպանվել են դոլոմիտի նստվածքային ապարների մեջ, որոնք հայտնաբերվել են Դոուշանթոյի ֆորմացիայի (Հարավային Չինաստան) ստորին շերտերում: Սնկի հետքերը մոտ 635 միլիոն տարեկան են, այսինքն, դրանք գոյություն են ունեցել էդիակարյան ժամանակաշրջանի սկզբում:

Նոր հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչպես է մեր մոլորակին հաջողվել հալեցնել սառույցի բազմակիլոմետրանոց շերտը: Եթե ​​Երկրի վրա պարզունակ սնկեր են գոյություն ունեցել, ապա դրանք կարող էին սիմբիոտիկ հարաբերությունների մեջ մտնել բակտերիաների հետ եւ ծածկել սառույցը` նվազեցնելով վերջիններիս արտացոլման հատկությունը: Մոլորակն արդյունքում կարող էր ավելի արագ տաքանալ, ինչը նպաստել է սառցե դարաշրջանի ավարտին: