Հայաստանը դեռ պետք է գնահատի կորուստների մասշտաբները եւ միայն դրանից հետո ճշգրտի իր հստակ տնտեսական քաղաքականությունը, սակայն ակնհայտ է, որ տնտեսական աճը, որը ԱՄՀ-ն կանխատեսել էր Հայաստանի համար` 1-3 տոկոսի սահաններում, չի կարելի լիարժեք վերականգնում կոչել: Հունվարի 29-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում այս մասին ասաց Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Արտյոմ Պիլինը:

Ըստ նրա` լավագույն դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է հասնել 2019 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակին, այսինքն` նախաճգնաժամային ծավալներին, ոչ շուտ, քան 2022 թվականին, եւ դա այն դեպքում, եթե իրավիճակը չվատթարանա, ուստի պետք է մտածել այն մասին, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առջեւ, այդ թվում` տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված:

«Սա շատ կարեւոր թեմա է, քանի որ երկար տարիներ շրջափակման մեջ գտնվող Հայաստանն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունենալ իրական հնարավորություն է ստանում: Երեւանը պետք է շահագրգռված լինի իր ապրանքների` ռուսական շուկա տեղափոխման լրացուցիչ հնարավորություն ստանալու հարցում»,- ասաց նա:

Փորձագետը շեշտեց Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, անհրաժեշտ է մտածել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ նոր նախագծերի մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտային մեքենաշինությունը, համագործակցությունը ծառայությունների ոլորտում եւ տեղեկատվական-կոմունիկացիոն ոլորտի զարգացումը:

«Հայաստանն օտարերկրյա ներդրումների խիստ կարիք ունի: Ի տարբերություն հարեւան երկրների` մինչ այժմ Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումներն աննշան դեր են խաղում: Բացի այդ, անհրաժեշտ է ճշգրտել տնտեսական զարգացման գերակայությունները: Ընդ որում, 2021 թվականին Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչը պետք է դառնա ներքին սպառողի պահանջարկը` դրամական փոխանցումների վերականգնման հաշվին: Անհրաժեշտ է շեշտը դնել արտահանման զարգացման վրա, առաջին հերթին` դեպի Եվրասիական տնտեսական միություն` հաշվի առնելով այն, որ անդամակցությունը Միությանը դրական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական աճի դինամիկայի վրա: Իհարկե, պետք է նաեւ որոշակի ֆինանսական աջակցություն լինի միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես` Եվրասիական զարգացման բանկի կողմից: Անհրաժեշտ է դիտարկել ԵԱՏՄ անդամների հետ համատեղ արտադրությունների ստեղծման հնարավորությունը, որոնք կենտրոնացած կլինեն երրորդ երկրների շուկաների վրա»,- հավելեց Արտյոմ Պիլինը:

Նրա խոսքով` տարբեր դրամավարկային քաղաքականությունները Միությունում էապես խոչընդոտում են եվրասիական ինտեգրման գործընթացին. երբ արտաքին տնտեսական իրավիճակը վատթարանում է, հիմնական վառելիքահումքային շուկաներում գներն ընկնում են, ապա ածխաջրածիններ ներկրող երկրների հետ շահերի բախում է առաջանում, այդ թվում` Հայաստանի: