Թերթը գրում է, որ մայիսի 31-ի հանրահավաքից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իշխանության հետ երկխոսության պատրաստակամության մասին` շատ էին քննադատությունները, թե նրա կարգախոսներում ու շեշտադրումներում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մինչդեռ որպես լրագրող, որը ներկա է եղել 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարվածից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը հրավիրված ասուլիսին` կարող են վկայել, որ նա անգամ այդ օրը չբացառեց երկխոսության հնարավորությունը:
Եվ այսպես` այդ ասուլիսի ընթացքում, որը լուսաբանելու հնարավորություն չունեցանք, քանի որ ուշ երեկոյան հայտարարվեց արտակարգ դրություն, որը տեւեց 20 օր, «Առավոտ»-ը Տեր-Պետրոսյանին ուղղեց հետեւյալ հարցերը, որոնց պատասխանները մեջբերում ենք ըստ պահպանված ձայնագրության:
Հարցս կարող է ժամանակավրեպ հնչել, բայց անցած օրերին շատ գործիչներ եւ կազմակերպություններ էին իբրեւ միջնորդ իրենց ծառայություններն առաջարկում` կանխելու առճակատումը, նաեւ բանակցությունների օրակարգ էին առաջարկում: Կատարվածից հետո դուք այլեւս սպառվա՞ծ եք համարում երկխոսության հնարավարությունը:
Ես այսօրվա հանրահավաքում նախապատրաստվել էի հանդես գալ հենց այդ թեմայով: Եթե ուշադիր եք, ես այս 3 օր է, ամեն օր մի նոր թեմա եմ, այսպես, կոնցեպտուալ առումով ներկայացնում մեր ժողովրդին: Այսօրվա իմ թեման այդ միջնորդությունների կամ իշխանության ու ընդդիմության միջեւ բանակցությունների մասին այդ խոսակցություններն էին: Քանի որ դա հնարավոր չեղավ այնտեղ ասել, ես այդ դասախոսությունը, այդ ելույթը հիմա ձեզ կկարդամ:
Ուրեմն` հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շրջապատից արդեն մեկ շաբաթ` այդպիսի շշուկներ են տարածվում նախ փողոցային մակարդակով, ամբոխի մակարդակով, որ իրենք ինձ հետ լուրջ բանակցությունների մեջ են: Նրանք նույն բանն ասել էին Եվրամիության որոշ դեսպանների, եւ այդ դեսպաններն ինձ խնդրել էին հաստատել կամ հերքել այդ բանը: Եվ ես նույնիսկ մի անգամ հանրահավաքում հերքեցի, ասացի` այդպիսի բան չկա, շշուկներ կան տարբեր կողմերից, բայց ես Ռոբերտ Քոչարյանից չեմ ստացել բանակցությունների որեւէ առաջարկ: Դա չի նշանակում, որ եթե ստանայի կընդառաջեի: Բայց այդպիսի առաջարկ ստանալուց հետո էր, որ ես կարող էի որոշել` ընդունում են այդ առաջարկը, թե՞ չեմ ընդունում: Կամ` եթե ընդունում եմ, ինչպիսի պայմաններով եմ ես խոսում: Որպես մի ակնհայտ պայման` պարզ էր, որ ցանկացած որոշման դեպքում, եթե ես գնայի բանակցությունների` դա կանեի միայն այն պայմանով, որ մինչեւ բանակցություններն ազատ արձակվեին քաղաքական բոլոր բանտարկյալները: Սա էր իմ միակ պայմանը: Մնացյալը բանակցությունների նյութ էր` մնացյալ բոլոր հարցերը: Ես չեմ կարող բանակցել մի մարդու հետ, որն այսօր ձերբակալել է իմ ընկերներին:




























