Հայաստանում առկա իրավիճակի հեղինակը, սցենարիստը եւ բեմադիրչը Սերժ Սարգսյանն է, եւ օպերացիան, որ նա ձեռնարկել է այժմ, կարելի է կոչել հաջորդ ընտրություններին վերարտադրվելու օպերացիա։ Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Սերժ Սարգսյանի նպատակը երկրորդ անգամ գահին բազելն է, երկրորդ անգամ գահը զավթելը։ Իսկ ընդդիմության շուրջ մոբիլիզացված ուժը փոշիացնելու համար նա հաշվեց ՀԱԿ առաջնորդի ատամները եւ որոշեց երկխոսել նրա հետ։ Այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, դրա առաջին արդյուքներն արդեն իսկ տեսանելի են»,- նկատեց Սեֆիյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում քաղաքական դաշտ եւ քաղաքական ուժեր չկան, կա միայն բռնատիրություն։
«Սակայն այսպես երկար չի կարող շարունակվել, եւ մենք բոլորս շուտով ականատես ենք լինելու չորրորդ հանրապետության ծնունդին։
Ակնհայտ է, որ հայ ժողովուրդն այժմ ապրում է երրորդ հանրապետության վախճանի ժամանակներում։ Պե՞տք է ի վերջո գա մի ժամանակ, երբ ժողովրդի հոգսերով զբաղվեն մարդիկ, ովքեր չեն գռփի, չեն վերցնի, այլ կտան»,- համոզմունք հայտնեց շարժման անդամը։
Ամփոփելով՝ Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նախագահի կողմից ստեղծված նախագիծ եւ ծրագիր է նաեւ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։
Նշենք, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս գրանցված չէ: Քոքոբելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, միշտ եղել են ընդդիմադիր դաշտում եւ իրենց համագործակցությունը լինելու է ընդդիմության հետ։ Ի դեպ, օրերս նորաստեղծ կուսակցության գրասենյակ է այցելել ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ հանդիպել կուսակցության ղեկավարների հետ:




























