Ողջունելի է այն երկխոսությունն ու գործընթացը, որը դուրս է երեք նախագահների եռանկյունուց: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 9-ին հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա ձեռնպահ մնաց ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին «Ժառանգության» տեսակետը հայտնելուց եւ նշեց, որ այդ մասին կուսակցությունը համապատասխան դիրքրորշում կհայտնի վարչության նիստ գումարելուց հետո:
«Ես որեւէ խնդիր չեմ տեսնում որեւէ քաղաքական կուսակցության կամ ուժի հետ: Իմ ցանկությունն այն է, որ քաղաքական գործընթացները սպասարկեն ոչ թե կոնկրետ ինչ-որ անձի շահերը, այլ Հայաստանի ժողովրդավարությանը, որպեսզի հնարավոր լինի երկրում իրապես համակարգային փոփոխություններ իրականացնել»,-նշեց Փոստանջյանը:
Նա նաեւ հավելեց, որ այսօր բոլոր քաղաքական ուժերի ջանքերը պետք է կենտրոնացած լինեն երկրում բարեփոխումներ իրականացնելուն, ինչը, սակայն, տեսանելի չէ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առանցքում:




























