«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը պատրաստվում է ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկել իր դեմ կիրառված համաներման ակտը, քանի որ նա դրան համաձայնել է ստիպված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով, Տիգրան Փոստանջյանը ստիպված է եղել համաձայնել համաներմանը, քանի որ ՔԿՀ-ի այն պայմանները, որտեղ նա պահվել է, հակասում են կալանավորի պահման թե ներպետական օրենսդրության, թե միջազգային չափանիշներին:
«Այնպես որ ինքը ստիպված եղավ համաձայնել համաներմանը, որպեսզի դուրս գա եւ ազատության մեջ շարունակի դատավարությունը: Մեզ չի գոհացնում նման ձեւով Տիգրան Փոստանջյանին ազատելը: Մենք բողոքարկելու ենք դատարանի համապատասխան որոշումն ու հասնելու ենք արդարացման դատավճռի: Մենք հանրությանն ապացուցելու ենք, թե ովքեր են կանգնած այս դատապարտման հետեւում»,-նշեց փաստաբանը: Նրա խոսքով, իր պաշտպանյալը 9 օր անազատության մեջ է գտնվել ՀՀ Քր. օրենսգրքի այն հոդվածով, որն ուժը կորցրած է ճանաչվել մայիսի 25-ից:
Խոսքը ՀՀ ՔՕ 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մասին է: Զարուհի Փոստանջյանն, ի դեպ, արդեն դիմել է դատախազություն՝ այս փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար:
Փաստաբանը նշեց նաեւ, որ Տ. Փոստանջյանի դեմ հարուցված գործը պատվիրված էր: «Ես դեռ չէի տեսել նման բան, որ ստանալով ընդամենը մեկ զանգ քաղաքացու կողմից, արդեն դատախազության պաշտոնական կայքում դրված էր, թե այսինչ անձը կատարել է այսինչ բանը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ արդեն կա պատվեր»,-նշեց նա, հավելելով, թե պատվիրատուն կամ դատախազությունն է, որը ցուցում է իջեցրել ԱԱԾ-ին, կամ էլ գլխավոր դատախազությանն է պատվեր իջեցված:




























